Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին:
Ըստ Հայաստանի Ազգային ժողովի, հանդիպման ընթացքում Միրզոյանը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Ընդգծվել էՀայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար:
Այս առումով չափազանց կարևորվել է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման համար:
Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում խորհրդարանի խոսնակը կարևորել է նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձևաչափը կարող է իր ներդրումն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման հարցում:
Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես սատարել է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը:Միրզոյանը բարձր է գնահատել նաև Չինաստանի տեխնիկական և տնտեսական աջակցությունը Հայաստանին:
Դեսպանը վստահեցրել է, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը և ինքը՝ որպես առաքելության նորանշանակ ղեկավար, կանի հնարավորն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Յունը նշել է, որ Չինաստանը ողջունում է եռակողմ հայտարարությունը, կարևորում է դրա իրագործումը և տեղյակ է մարդասիրական բնույթի խնդիրներից: Նա ընդգծել է, որ ՉԺՀ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիահույս է, որ հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը:
Դեսպանը մեծ գոհունակությամբ նշել է նաև այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճ է գրանցել՝ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին: