Մատչելիության հղումներ

Ռազմական դրությունը չի օգտագործվել հակակառավարական ցույցերը ցրելու նպատակով. ԱԺ փոխնախագահը հակադարձում է միջազգային զեկույցի հեղինակներին


Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան

«2018-2019 թվականներին ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում տարածաշրջանային միտումը հաղթահարելուց ու զգալի բարելավում արձանագրելուց հետո 2020-ին Հայաստանի միավորները զգալիորեն նվազել են», - ասված է բրիտանակյան հեղինակավոր «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի հրապարակած զեկույցում։

167 երկրների շարքում Հայաստանը 89-րդ տեղն է զբաղեցրել, մինչդեռ 2019-ին՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց 86-րդում էր։

Զեկուցից պարզ է դառնում, որ Հայաստանի գրանցած հետընթացի պատճառը ռազմական դրության սահմանափակումներ են եղել։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության հետևանքով Հայաստանի կառավարությունը մտցրեց ռազմական դրություն, որը զգալիորեն սահամանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ ազատ արտահայտման իրավունքը։ Ռազմական դրությունը շարունակվեց անգամ, երբ հրադարդարի արդյունքում մարտերը դադարել էին, և այն օգտագործվեց ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու և հակակառավարական ցույցերը ցրելու պատրվակով»- ասված է զեկույցում։

Զեկույցը կազմելիս կենտրոնի փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնական չափորոշիչ` ընտրական գործընթացներն ու բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, քաղաքական մասնակցությունը, կառավարման արդյունավետությունն ու քաղաքացիական ազատությունները։

Իշխող ուժից Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բրիտանական կենտրոնի ուսումնասիրությունն այնքան էլ օբյեկտիվ չի համարում։ Պնդում է՝ ռազմական դրությունը չի օգտագործվել ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու և հակակառավարական ցույցերը ցրելու նպատակով․ - «Չենք մոռանում նաև, որ հենց իշխանությունն է օրենսդրական նախաձեռնւթյամբ հանդես եկել և վերացրել արգելքները հավաքներ անցկացնելու վերաբերյալ, թեև դա կարող էր չանել։ Վերջիվերջո հայկական իրականությունը, սահմաններում տիրող իրավիճակը և ամենօրյա լարվածությունը, կարծում եմ, մեր անգլիացի գործընկերները բաց են թողել»։

Այնուհանդերձ Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից տարածաշրջանում առաջատար է՝ մեկ միավորով առաջ է հարևան Վրաստանից, և 6 միավորով Ադրբեջանից։ Հայաստանը 18-րդ տեղն է զբաղեցնում Արևելյան Եվրոպայում։ Վրաստանի հետ միասին՝ դասվելով «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկների շարքին։

Ընդհանուր վարկանիշում Վրաստանը ևս երկու միավորով հետընթաց է գրանցել 2019-ի համեմատ՝ զբաղեցնելով 91-րդ տեղը, Ադրբեջանը երկու տարի շարունակ 146-րդ տեղում է, վատաթարագույն ժողովրդավարություն՝ «ավտորիտար ռեժիմ» ունեցող երկրների շարքում է։ Բրիտանական կենտրոնը ևս երկու ռեժիմ է առանձնացնում «թերի ժողովրդավարություն» ու «լիարժեք ժողովրդավարություն»։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը թեև Հայաստանի հետընթացը խնդրահարույց է համարում, այնուամենայնիվ նկատում է՝ 2020-ի ցուցանիշը 2018-ի համեմատ բացասական չէ․ - «Պետք է արձանագրենք, որ 2020 թվի ցուցանիշը թեև ավելի վատն էր, քան 2019-ը, բայց ավելի լավն էր, քան 2018-ը, ես էլ չասեմ՝ բոլոր նախահեղափոխական տարիները։ Այսինքն՝ թեև մենք ունենք հետընթաց, սակայն շատ սարսափելի չէ, անհամեմատելի է նախահեղափոխական տարիների հետ»։

Միևնույն ժամանակ Իոաննիսյանն ասում է՝ համավարակով պայմանավորված արտակարգ դրությունն էլ է ազդել քաղաքացիների իրավունքերի սահմանափակման վրա, որոնք ոչ միշտ են համաչափ եղել, իսկ բրիտանական կենտրոնի փորձագետները զեկույցում դրան չեն անդրադարձել։

«Բնականաբար չենք խոսում համաչափ սահմանափակումների մասին, դրանք տրամաբանական են և նորմալ են։ Նույնը նաև վերաբերում է ռազմական դրության ժամանակ շատ իրավունքների սահմանափակումը համաչափ է և նորմալ է։ Այդուհանդերձ, օրինակ, արտակարգ դրության սկզբում՝ մարտի 13-ից մինչև ապրիլի 16-ը խոսքի ազատւթյունն էր սահմանափակվել Հայաստանում, ինչը բավականին խնդրահարույց էր, և լավ էր, որ այդ սահմանափակումը արագ վերացվեց», - նշեց Իոաննիսյանը։

Ժողովդրավարության համաշխարհային ինդեքսում առաջատարներն են Նորվեգիան, Իսլանդիան և Շվեդիան, վատթարագույնները՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ու Հյուսիսային Կորեան։

XS
SM
MD
LG