Մատչելիության հղումներ

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը


Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ալմաթիում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ։

«Անկասկած, ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ հայրենական արտադրողներին երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից պաշտպանելու համար: Այստեղ կարևոր են ինչպես միասնական մոտեցումը, այնպես էլ վերջնարդյունքը, որը դրսևորվում է Միության պետությունների ապրանքների՝ երրորդ երկրների ապրանքների հետ մրցունակության մեջ», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման համար ընդհանուր մոտեցում մշակելու նպատակով»:

«Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում նաև հարկ է դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան, ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը», - նշել է Հայաստանի վարչապետը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել «այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը»: «Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անցած ժամանակահատվածի գլխավոր արդյունքների շարքում Հայաստանի կառավարության ղեկավարն առանձնացրել է Եվրասիական միության՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության վերջնական հաստատումը: «Հուսով ենք, որ ընթացիկ տարին արգասաբեր կլինի ինտեգրացիայի զարգացման՝ փաստաթղթում արտացոլված ուղղությունների հետագա իրագործման տեսանկյունից: Այս առումով կցանկանայի ընդգծել այն միջոցառումների կարևորությունը, որոնք ուղղված են բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով․ - «Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է Միության Թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում»:

«Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար: Ակնհայտ է, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից և կարևոր տեղ է գրավում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարքում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղըզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովը, հեռահար կարգով՝ Կուբայի վարչապետ Մանուել Կրուսը և Մոլդովայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աուրելի Չոկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։


XS
SM
MD
LG