Մատչելիության հղումներ

Այս պատերազմից հնարավոր չէր խուսափել. Սուրեն Սահակյան


«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սահակյան

«Ազատությունը» հյուրընկալել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սահակյանին։

«Ազատություն»․ - Արդյո՞ք ելնելով ստորագրված եռակողմի փաստաթղթից՝ առաջիկա տարիներին հնարավոր է վերջնական, երկարաժամկետ խաղաղություն։

Սահակյան․ - Ե՛վ նախընտրական շրջանում, և՛ մինչև կուսակցությունը ստեղծելը, և՛ դրանից հետո պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետո մենք կարծել ենք և հիմա էլ կարծում ենք, որ Արցախի խնդրի լուծումը, որպեսզի դա երկարատև խաղաղության հիմք լինի, պետք է հիմնված լինի արդարության վրա։ Եթե կողմերից մեկը իրեն պարտված է զգում, գտնում է, որ իր հանդեպ անարդար են վարվել, կամ երկու կողմերն էլ գտնում են, որ արդար է էդպիսի լուծումը, բայց միջազգային խաղացողները էդ լուծման մեջ իրենց շահը չեն տեսնում, այդտեղ խաղաղությունը փխրուն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ արդար չի եղել այս լուծումը։ Եվ այդ առումով, ես կարծում եմ, որ խնդիրը ոչ մի կերպ լուծված չէ, հնարավոր չէ խոսել խնդրի որևէ լուծման մասին այս պահին, իրավիճակի վերաբերյալ խոսել որպես լուծում։ Եվ կարծում եմ, որ այս կոնֆլիկտը դեռ երկար ժամանակ կշարունակվի՝ վերածվելով արյունալի բախումների։

«Ազատություն»․ - Այսինքն՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի։

Սահակյան․ - Որևէ պետության կազմավորման առաջին պայմանը իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Ոչ թե պետք է պատրաստվել նոր պատերազմի, այլ պետք է պատրաստվել, որ որևէ պատերազմի դեպքում, որևէ արտաքին վտանգի դեպքում հնարավոր լինի պաշտպանել քաղաքացիների անվտանգությունը։ Եվ քանի որ էդպիսի կարևոր խնդիր կա, որը հանգուցալուծված չէ, բնական է, որ այդ պատրաստվածությունը պետք է լինի։

«Ազատություն»․ - Ձեր կարծիքով, Երևանը պե՞տք է օրակարգում ունենա կորսված տարածքների վերադարձի հարց։ Շատ պոպուլյար է հիմա ասել, որ հետ ենք բերելու Շուշին, Հադրութը։

Սահակյան․ - Ինչպես ասացի, ես կարծում եմ, որ խնդիրը պետք է ունենա արդար լուծում։ Մի կողմ թողնենք էդ մյուս տարածքները․․․ Հադրութը երբեք բանակցությունների առարկա չի եղել, միշտ եղել է հայկական։ Եվ, օրինակ, Հադրութը, Շուշին․․․ պետք է այդ հարցը լրացուցիչ կարգավորվի, ընդ որում՝ կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Որովհետև միակ միջազգային մանդատը այդ խնդիրը լուծելու ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ո՛չ Ռուսաստանն առանձին, ո՛չ Թուրքիայի հետ, ո՛չ Թուրքիան առանձին, ո՛չ ինչ-որ այլ ձևաչափով։ Մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, որոնք հստակ հայտարարել են, որ Հադրութի և Շուշիի հարցը պետք է լրացուցիչ քննարկվի։ Ընդ որում՝ ոչ միայն այդ հարցերը, այլև տարածքում ապրող բնակչության անվտանգության երաշխիքները։ Եվ դա, ես կարծում եմ, որ պետք է նաև քննարկվի ռուսական խաղաղապահ զորքերը այլ՝ միջազգային, խառը․․․ չգիտեմ, որևէ կերպ [համալրել], որովհետև, ըստ իս, որևէ կոնֆլիկտեի դեպքում, երբ կոնֆլիկտի չվերսկսումը կախված է եղել ռուսական խաղաղապահ ուժերից, կոնֆլիկտը վերսկսվել է։ Այսինքն՝ ժամանակի ընթացքում երբեք չեն ապահովել սառեցումը և խաղաղության հաստատումը։

«Ազատություն»․ - Դուք այս տեսակետի հետ համաձա՞յն եք, որ պատերազմից խուսափել հնարավոր էր։ Մասնավորապես, Փաշինյանը դա կարող էր անել՝ չժառանգելով բանակցային նախկին բեռը, այլ ասելով հաշտության ժամանակն է, դա ենթադրում է նաև տարածքային զիջումներ, փոխարենը զոհեր չենք ունենում, հաստատվում է խաղաղություն։ Ընդ որում, 2018-ի մայիսից, պաշտոնը ստանձնելով, նա կարող էր այդ օրակարգը բերել։

Սահակյան․ - Ես կարծում եմ, դա տեսական հնարավորություն էր։ Պրակտիկայում էդպիսի հնարավորություն չի եղել։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ։ Սեղանին դրված էր լավ էլ պրակտիկ փաստաթուղթ՝ Լավրովի պլանը, որը տեղի ունեցածի ավելի մեղմ․․․ չարյաց փոքրագույնն էր, չհաշված զոհերը։

Սահակյան․ - Լավրովի պլանը ենթադրում էր յոթ տարածքների վերադարձը և չէր ենթադրում Արցախի անկախությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե էդ ժամանակ ասում էին պատերազմը կանգնեցնեիք, Շուշին չտայիք, համաձայնեիք Լավրովի պլանին, ես այդ ժամանակ՝ հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ երկրորդ հանդիպման ժամանակ էդ հարցը քննարկվել է։ Բոլորը հայկական կողմում կարծես համաձայն են եղել, որ Լավրովի պլանի գործի․․․ Էն ժամանակ դեռ շատ քիչ տարածքներ էր զավթված Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանի չէր կանգնում։ Չի համաձայնել Ադրբեջանը։

«Ազատություն»․ - Իսկ ավելի՞ վաղ, մինչև պատերազմը, որ զոհերից խուսափեինք։

Սահակյան․ - Ե՛վ հայկական կողմում, և՛ ադրբեջանական կողմում քարոզչությունը երեսուն տարի տարվել է այնպես, որ էդպիսի խաղաղ կարգավորում, ես կարծում եմ, հնարավոր չէր։ Այսինքն՝ որ ղեկավարը, որ կառավարիչը որ փորձեր էդ ճանապարհով գնալ, իրեն ուղղակի կհեռացնեին, ինչպես որ մի անգամ եղել է։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG