Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն անարդյունավետ են համարում իշխանությունների պայքարը բանակում կոռուպցիայի դեմ


Զորամաս Հայաստանում, արխիվ

Գնդապետի կոչումով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայության կողմից մի շարք կոռուպցիոն գործարքների համար։ Նա և ևս մեկ տասնյակ մարդ ձերբակալված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Թե կոնկրետ ինչ հոդվածներով է քրեական գործ հարուցվել, ԱԱԾ-ն չի մանրամասնում: Մանրամասներ չկան նաև մյուս ձերբակալվածների մասին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` բանակի բարձրաստիճան պաշտոնյան պատերազմից առաջ, ընթացքում և ավարտից հետո ստացել է ընդհանուր առմամբ մոտ 15 հազար դոլար կաշառք` դրա դիմաց զինվորներին տեղափոխելով ցանկալի զորամասեր, միջնորդել է զորակոչիկներին հանել ցուցակից, որի հետևանքով, իրավապահների պնդմամբ, խաթարվել է ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի բնականոն ընթացքը: Գնդապետին վերագրվող 9 դրվագ կա. դրանցից մեկով, օրինակ, նա 2020-ի սեպտեմբերի 27-ին Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պարագայում այնպես է արել, որ զինվորական ծառայության զորակոչված Յ. Տ.-ն առանց բավարար հիմքերի ռազմական գործողությունների կատարման վայրերում տեղակայված զորամասեր ծառայության չմեկնի։ Սրա համար գնդապետը պահանջել է 2 հազար 500 դոլար կաշառք և նոյեմբերի 7-ին ստացել է 2 հազար դոլար։ Մեկ այլ դրվագով էլ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն և ստուգումներ իրականացնելու գործառույթ ունեցող գնդապետը ժամկետային զինվորական ծառայող Դ. Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն է արել՝ առանց բավարար հիմքերի զինվորին տեղափոխել է նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում։ Սրա դիմաց էլ զինվորի մորից 2020 թվականի սեպտեմբերի 13-ին անձամբ պահանջել է մոտ 2 հազար դոլար գումար կաշառք, որից մոտ հազար դոլարը ստացել է հաջորդ օրը՝ բուքմեյքերական «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

Տարիներ շարունակ զինված ուժերում նաև կոռուպցիոն դեպքերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունները չկարողացան կոռուպցիան արմատախիլ անել բանակից. «Մեկ գնդապետով, չգիտեմ, 5 աշխատակից ձերբակալելը, դա այն պայքարը չէ կոռուպցիայի դեմ, ինչի մասին հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանակում կոռուպցիան այնքան ամուր էր նստած, որ մեկ Մանվել Գրիգորյանով չէր, որ բացահայտեին ու ասեին, որ մենք տեսնում ենք բացահայտ, ասենք գեներալների այդ կեցվածքը, ապրելաձևը, հասկանալի է: Բայց հետո երբ որ եկավ արդեն վարչապետը, ինքը փոխելու է բանակով, ինքը չի փոխել, ինչպես որևէ ոլորտում, այնպես էլ բանակում կոռուպցիան արմատացած է, և լուռ պայքար է պետք կոռուպցիան արմատախիլ անելու: Եվ գիտե՞ք` ինչն է ամենասարսափելին բանակում, որ կոռուպցիան դրված է հանցագործությունների հիմքում»:

Ալեքսանյանի կարծիքով` իշխանությունը կամք չունի` բացահայտելու կոռուպցիոն բնույթի հանցագործությունները նաև զինված ուժերում: Հիշեցնում է տարիներով չբացահայտված մահվան դեպքերը բանակում։ Ասում է՝ դրանց մի մասի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ պատճառը հենց կոռուպցիոն գործարքներն են. «Բոլոր զինվորները, ասենք մի 10 դեպք, արձակուրդ գալուց հետո հաջորդ օրն իրենց սպանում են, իրենք մահանում են: Սա ի՞նչ է, նրանցից գումար է պահանջում հրամանատարական կազմը, որ վերադառնալուց գումար պահանջի: Ինչպե՞ս է աշխատում Քննչական կոմիտեն, փոխանակ բացահատեն դեպքերը, կոծկում են»:

Զինված ուժերում կոռուպցիոն գործերով զբաղվող փաստաբան Նորիկ Նորիկյանը ևս անցած երկուսուկես տարիների աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում համարում է անարդյունավետ։ Ասում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չգնաց փոփոխությունների և փորձ արեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ արմատացած իրավական համակարգով պայքարել հենց նրա օրոք ամրապնդված կոռուպցիայի դեմ. «Հնարավոր չէր Սերժ Սարգսյանի «գեներալներով» կառուցել մարտունակ բանակ, գեներալներներին չակերտների մեջ եմ ներառում, որովհետև այն ուժային կառույցների ղեկավարները, այն համակարգի ղեկավարները, որոնք նշանակվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից, նրանք ուղղակիորեն Սերժ Սարգսյանի ամենամտերիմ, ամենամերձավոր շրջապատի կադրերն էին»:

Փաստաբանն ուշադրություն է դարձնում ԱԱԾ-ի բացահայտման ժամանակաշրջանի վրա. «Եթե հանրության այդ հատվածի մոտ չլիներ այն գիտակցումը, որ կարող է պետական կաշառք վերցնող չինովնիկ կա, հետևաբար տվողը լինելու է»:

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է նաև, որ կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև տարբեր տեսակի ռազմամթերք։ Օրենքով ձերբակալությունից առավելագույնը 72 ժամ անց իրավապահները կա՛մ մեղադրանք կառաջադրեն գնդապետին և նրա հետ ձերբակալվածներին, ինչից հետո հնարավոր է կքննարկվի նրանց կալանավորելու հարցը, կա՛մ էլ ազատ կարձակեն նրանց։

XS
SM
MD
LG