Մատչելիության հղումներ

Բալասանյան. Արցախում պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ են կազմակերպվում


Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան, արխիվ

Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով, հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ մեկնաբանելով Պաշտպանության բանակի կազմալուծման մասին լուրերը։

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով», - Արցախի Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ հայտարարել է Բալասանյանը։

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև կատեգորիկ կերպով հերքել է խոսակցությունները, թե մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ։

«Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից», - շեշտել է Բալասանյանը։

«Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին, պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ», - նաև ասված է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունում։

Արցախի արտգործնախարարությունը, իր հերթին, հերքում է լրատվամիջոցներում տարածվող մեկ այլ տեղեկություն, թե դադարեցվելու է Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը։ Գերատեսչությունը վստահեցնում է, որ օտարերկրյա պետություններում Արցախի մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG