Մատչելիության հղումներ

Բեղլոյանը պնդում է, թե իր հնչեցրած մտքերը խեղաթյուրված են մատուցվում


Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյան («Իմ քայլը»)

«Տարածաշրջանային օնլայն քննարկմանը հնչեցրած իմ մտքերը խեղաթյուրված են մատուցվում են», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանը։

«Պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք անվերջանալի քննարկմանը, թե ով էր առաջինը, ում պատմական հողերն են, որովհետև ինչպես գիտեք՝ հնագույն պատմիչներին ու պատմական քաղվածքներին մեջբերումներ անելուց Հայաստանին հասնող չկա», - ասել էր Բեղլոյանը։

«Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը և ում պատմական հողն է Արցախը». հենց այս գլխագրով սոցիալական ցանցերում տարածվեց պատգմավորի խոսքը և բուռն քննարկումների առիթ դարձավ։

Այսօր խորհրդարանում Բեղլոյանը հայտարարեց՝ իր խոսքը կոնտեքստից կտրված է, ինքը այդպես ծաղրանքով պատասխանել է ադրբեջանցի բանախոսին․ - «Իմ խոսքերը նորից խեղաթյուրվել են, ինձ վերագրվել են արտահայտություններ, որոնք անհնար է, որ ես ասեմ, ես դրանք չեմ ասել։ Եվ կոնտեքստից կտրված արտահայտության վրա հնարվել են հայտարարություններ»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով քննարկել Բեղլոյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը կամ նվազագույնը սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը, քանի որ «կոնֆերանսի ժամանակ հնչեցրած նրա մտքերը հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին»։

Ազատության հարցին ի պատասխան Մակունցն ասաց՝ ընդդիմադիր պատմգավորից որևէ դիմում չի ստացել, այս հարցով որևէ մեկնաբանություն հնչեցնելուց ևս հրաժարվեց։

Ինքը Բեղլոյանը Գորգիսյանի գրառումը ոչ պրոֆեսիոնալ որակեց․ - «Պարոն Գորգիսյանը, լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր և ունենալով բավականաչափ լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ պետք է դնել սկզբնաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վերագրվող խոսքեր պարունակող ինչ-որ լրատվամիջոցի նյութ»։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ այս թեմայի վերաբերյալ իր հիմնական ասելիքը ֆեյսբուքյան գրառմամբ փոխանցել է և ավելացնելու ոչինչ չունի։

Բեղլոյանն էլ տեղեկացրեց՝ խմբակցության ներսում իր հայտարարությունների հետ կապված քննարկում չի եղել։

Ի պատասխան հարցին, թե ինչպես է տարածաշրջանային քննարկմանը խոսում խաղաղության մասին, երբ Ադրբեջանի նախագահը Երևանը և Սևանը գրավելու մասին հայտարարություններ է անում, Բեղլոյանը մանրամասնեց՝ այդ խաղաղությունը անհրաժեշտ է հայկական կողմին հզորանալու և զարգանալու համար․ - «Նրանք, ովքեր այդ խաղաղության հնարավորությունը, որի ընթացքում մենք կարող ենք պատրաստվել և ուժեղանալ, որպեսզի մեր ձայնը լսելի լինի տարածաշրջանում, նրանք, ովքեր փորձում են խեղաթյուրել դա և կոչեր են անում անհապաղ պատերազմի կամ շուտափույթ պատերազմի, և սպառնում են մեզ պատերազմով, նրանք աշխատում են Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգով։

Իշխանական պատգամավորին այսօր Ազգային ժողովի դիմաց քննադատեցին նաև ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժման ցուցարարները։ Նրանք պնդում էին, թե Բեղլոյանի հայտարարությունները ծառայում են ոչ թե հայկական, այլ թուրք-ադրբեջանական շահերին։

«Երբ որ խոսում է, որ այլևս մոռացության տան, թե պատերազմը ով է սկսել, պատմությունը և այլն, հաշտ ապրելու մասին․․․ Մի քանի անգամ փորձ արվել է արհեստական հաշտություններով՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, ինչ-որ մթնոլորտ ձևավորել, որոնք բոլորը ձախողվել են։ Վստահ եմ, սա էլ է ձախողվելու», - «Ազատությանն» ասաց Գեղամ Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG