Մատչելիության հղումներ

Բռնապետ Ռոբերտ Քոչարյանը հիմա իրեն ազատություններով է օժտել. Սեդա Սաֆարյան


Սեդա Սաֆարյանը «Ազատության» տաղավարում։
Սեդա Սաֆարյանը «Ազատության» տաղավարում։

«Ազատության» զրուցակիցը Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն է։

«Ազատություն»․ - Պատերազմից հետո դատավարությունը վերսկսվել է, բայց բովանդակությունը կարծես չի փոխվել։ Երեկ մեղադրյալները դատավար Դանիբեկյանին ինքնաբացարկի հերթական միջնորդությունը ներկայացրեցին։ Այսպիսի գործընթացը, այսպիսի դատավարությունը ինչքա՞ն կարող է շարունակվել։

Սաֆարյան․ - Պրակտիկայում սա եզակի գործ է՝ իր ամեն ինչով։ Սրանով առաջին տեղում ենք, որ դատարանը չի կարողանում կողմերի բերել բուն դատաքննության փուլին։ Այդպիսի բան մեր պատմության մեջ չի եղել։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ես մասնակցել եմ այդ դատական նիստերին, 2008 թվականի մարտի 1-ից հետո 20 օրվա մեջ նախաքննություններն ավարտվեցին շատերի հետ կապված, 7 օրվա մեջ, 8 օրվա մեջ, 10 օրվա մեջ մարտի 1-ի էդ ողբերգությունից հետո, և մի 10 օրում էլ դատական նիստերն էր լինում։ Ու դա շատ արագ, առանց պաշտպանների կարծիքը հաշվի առնելու։ Ու էն բռնապետը, որը էսպիսի դատական համակարգ ա ունեցել, էսօր էդ դատարանում իրեն օժտել ա անսահմանափակ ինչ ուզի ասի, ինչ ուզի քննարկի, ինչից ուզի խոսի։ Իր հետ նաև իր պաշտպանական թիմը հարմարացրել ա էդ տակտիկան, և ավելի շատ քաղաքական ինչ-որ ինտրիգներով են զբաղված, քան քրեական գործի հետ կապ ունեցող հարցերով։ Դա է պատճառը, որ մենք՝ ես և Եգորյանը, և տուժողները բացարձակապես անիմաստ ենք գտնում ներկա փուլում այս իրավիճակով մեր մասնակցությունը։

«Ազատություն»․ - Բայց բոյկոտն էլ ինքնին գործիքակազմ է։ Արդյո՞ք այն արդյունավետ է այս դեպքում։

Սաֆարյան․ - Չէ։ Կոնկրետ էս դատարանը երբեք չի էլ մտահոգվել, թե ինչու տուժողները նիստի չեն գալիս։ Եվ որևէ քայլ չի արել հուլիս ամսից մինչև հիմա ինչ-որ բան իր տեղը դնելու համար։ Ղեկը դատավորի ձեռքում չէ, ղեկը անիմաստ պտտում են պաշտպանության կողմի ներկայացուցիչները։ Դատախազությունը փորձում ա էդ ղեկում ինչ-որ դեր ունենա, բայց ոչ մի արդյունք։ Այսինքն՝ դատարանը անվերջ պարտվելով, գնաց և հասավ էս վիճակին։ Հիմա մենք չենք ուզում մասնակցել մի դատաքննության, որտեղ մեր խոսքը, մեր բարձրացրած խնդիրները բացարձակապես որևէ արձագանք չեն գտնում։ Մինչև էն պահը, երբ մեղադրական եզրակացությունը հրապարակվի, մենք դիրքորոշում ասելու հնարավորություն ունենանք․․․ Դեռ բանը մեզ չի հասել։ Տուժողները գտնում են, որ անհավասար վիճակ է այս առումով։ Այսինքն՝ էն դատաքննությունը, որը որպես միջոց պետք է ծառայի տուժողների խախտված իրավունքները վերականգնելու համար, բացարձակապես այդպես չի։

«Ազատություն»․ - Մյուս կողմից, միջնորդություն ներկայացնելը կողմի իրավունքն է։ Արդյո՞ք արդարադատությունը, մեր Դատական օրենսգիրքը ունի այդպիսի լծակ, մեխանիզմ դրանք սահմանափակելու, և արդյո՞ք դա չի գնահատվի իրավունքի սահմանափակում։

Սաֆարյան․ - Ոչ։ Իրավունքի սահմանափակում չի գնահատվի։ Կա իրավունքի չարաշահում հասկացություն։ Եվ եթե դուք նայեք իրենց ներկայացրած միջնորդություններին, դուք կտեսնեք, որ մի էջի վրա հինգ անգամ, յոթ անգամ նույն նախադասությունը կրկնվում է։ Իհարկե իրենք ազատ են իրենց պաշտպանությունը կազմակերպելու հարցում, բայց դա պետք չի, որ ուրիշների շահերի հաշվին լինի, դա անթույլատրելի ա ուղղակի։ Այնպես չի, որ օրենքը չունի զսպող մեխանիզմ և կարգավորում, պարզապես դատարանը չի կարողանում էդ կարգավորումները տալ։ Չեմ կարծում, որ դատարանը էդքան միամիտ ա, որ էս ամեն ինչը էսքան քննարկվելուց հետո չի հասկանում։ Կա երկու պատճառ․ կա՛մ մասնագիտական ձեռնահասության խնդիր կա՝ չի կարողանում դահլիճը պահել և կողմերի հարցերը լուծել, կա՛մ էլ չի ցանկանում։

«Ազատություն»․ - Պատերազմի ժամանակ արված բացառությունից հետո հիմա դատարանը թույլ է տվել Ռոբերտ Քոչարյանին մի քանի օրով բացակայել Հայաստանից։ Նա գնում է իր անձնական գործերով Մոսկվա։ Սա էական հանգամանք է։

Սաֆարյան․ - Ես չգիտեմ իհարկե, թե ինչ հիմքերով ա թույլ տրվել, և ինչ ռիսկայնության աստիճան ա դատարանն իր վրա վերցրել։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ակնհայտ առավելություններ են տրվել ամբողջ քննության ընթացքում․ և՛ նրա խափանման միջոցի սխալ ընտրությունը․․․ առավելություն ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ որ տարբեր հիվանդանոցներում, իրա սովորական պրոբլեմը դարձրեցին մեծ պրոբլեմ, և բուժումներ էր անկացնում․․․

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG