Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրատվում է հաջորդ շաբաթ կարճատև այցով մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այդ մասին Իսրայելի վարչապետը հայտարարել է երեքշաբթի երեկոյան Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսրայելական կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը նախատեսում էր Աբու-Դաբի մեկնել ավելի վաղ, սակայն համաճարակային իրավիճակը ստիպեց հրաժարվել այդ մտադրությունից։
«Իմ այցն արդեն երկու անգամ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով։ Այժմ մենք որոշեցինք այնուամենայնիվ մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցը կտևի ընդամենը երեք ժամ։ Չի բացառվում նաև այցելությունը Բահրեյն», - հայտարարում էր Նեթանյահուն։
Իսրայելի հարաբերությունները Պարսից ծոցի արաբական այս երկու միապետությունների հետ սկսեց բարելավվել անցած աշնանը՝ Վաշինգտոնի միջնորդությամբ մշակված խաղաղ համաձայնագրերի ստորագրումից հետո։
Վերջին տվյալների համաձայն, հարաբերությունների կարգավորումից հետո անցած հինգ ամիսների ընթացքում ԱՄԷ-ի և Իսրայելի միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 200 միլիոն ամերիկյան դոլարը։