Մատչելիության հղումներ

Դավիթ Գալստյանը կալանավորվեց


Պաշտպանության նախարարի նախկին խորհրական Դավիթ Գալստյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր: Նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

Գալստյանն այսօր դատարանում լրագրողների հարցերին պատասխանել չցանկացավ։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը միայն հայտարարեց, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, բայց քանի որ կա նախաքննական ու պետական գաղտնիք, այլ հարցերի պատասխանել չի կարող․ - «Ես ձեզ մանրամասներ, որևէ բան ասել չեմ կարող, որովհետև նախաքննական գաղտնիք ա, և նաև պետական գաղտնիքի հետ գործ ունենք»։

Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է մեկ միլիոն դոլարից ավելի գումար: Այսօր ավելի վաղ Գալստյանը հայտարարություն էր տարածել որտեղ ակնարկում էր այն մասին, որ քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը իրականում այլ շարժառիթներ ունեն։

Հաղորդագրության մեջ Գալստյանը մեկ հանգամանքի վրա է կենտրոնանում, որ իրականում 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը, և նկատում է, որ փորձ է արվում իրականությունն ակնհայտ խեղաթյուրելու միջոցով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։

Փաստաբանը ևս պնդում է, թե իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված համապատասխան զինամթերք, ինչի ապացույցները կան։

Սովորաբար գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող հանձնաժողովն է ուսումնասիրում զենքի պիտանելիությունն ու համապատասխանությունը պայմանագրին։ Եթե չի համապատասխանում, վերադարձնում են։ Այդ դեպքում հայտնի չէ, թե արդյոք այդ հանձնաժողովը ստուգել է Դավիթ Գալստյանի մատակարարած զինամթերքը։

Կալանքի որոշման հրապարակմանը թե՛ Գալստյանը, թե՛ նրա փաստաբանը չէին ներկայացել և նրանցից հնարավոր չեղավ մեկնաբանությւուն ստանալ։ Իսկ կալանքի հարցի դռնփակ քննությունից հետո նիստից ստացած տպավորություններից փաստաբանը խոսել չցանկացավ՝ ասելով․ - «Հարգելի լրագրողներ, էս գործը սպեցիֆիկ գործ ա։ Ստեղ կա պետական գաղտնիքի խնդիր։ Ցանկացած ամսաթիվ, ցանկացած որևէ այլ տվյալ իր մեջ պարունակում է պետական գաղտնիք։ Ես չեմ կարող հրապարակել»։

Ըստ նախաքննական մարմնի՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում այժմ քննվում են Գալստյանի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ Պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր ևս, որոնցով այս պահին իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ։

XS
SM
MD
LG