Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ ծառայության քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված գործողությունների շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն , 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 345 միլիոն 300 հազար դրամ գումարը փոխանցել է իր՝ «Ամերիաբանկ»-ում և «Ինեկոբանկ»-ում բացված հաշվեհամարիներին, որից հետո նույն ժամանակահատվածում կանխիկացրել է նշված գումարները և օգտագործել իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով հափշտակել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ին պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները:
Ըստ հաղորդագրության, վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ի.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և տվել խոստովանական ցուցմունքներ՝ վերականգնելով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության պատճառված վնասի մի մասը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետում վերականգնել ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ:
ԱԱԾ-ն նշում է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ: