Մատչելիության հղումներ

«Իմ Լևոնը նման վերաբերմունքի պետության կողմից արժանի չէր»․ զոհված զինվորի հայր


Կարեն Լևոնյան
Կարեն Լևոնյան

Կարեն Լևոնյանի որդին՝ պատերազմում զոհված 20-ամյա Լևոնը օգոստոսի 19-ին էր զորակոչվել բանակ, ընդ որում՝ առողջական խնդիրներով։ Լևոնը երկու անգամ հիվանդության պատճառով տարկետում էր ստացել։ Երրորդի դեպքում արդեն, չնայած առկա հիվանդությանը, եզրակացրել էին, որ սահմանափակումներով կարող է ծառայել։ Պատերազմի մեկնարկին Լևոնը ընդամենը մեկ ամսվա զինծառայող էր, բայց, հոր խոսքով, մասնակցել առաջնագծի մարտական գործողություններին։

«Որ ինքը զանգահարեց, ես ասեցի՝ Լևոն ջան, խնդրում եմ, դու ինձ ասա, որովհետև մենք շատ անհանգիստ ենք։ Ասեց՝ պապ, լավ, ասեմ՝ էն որ ինձ ականանետային դասակ էին կցագրել, հենց պատերազմի առաջին օրվանից էլ մենք առաջնագծում ենք։ Ասում էի՝ այ Լևոն ջան, դու ընդամենը երկու օր լսել ես էդ զենքի մասին, մի հատ էլ կողքը նկարվել ես, գոնե էդ զինատեսակին տիրապետո՞ւմ եք, թե չէ, ասեց՝ պապ, էստեղ ենք սովորել, էստեղ արդեն սկսել ենք կրակել», - պատմեց Կարեն Լևոնյանը։

Որդեկորույս հոր մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները դեռ չկան։ Օրինակ՝ մարտական պատրաստություն չանցած, զինատեսակին չտիրապետող, առողջական խնդիրներով զինվորին ինչպե՞ս են առաջնագծի ամենաթեժ հատվածներ տարել. – «Ես ունեմ ուղղակի մի այսպիսի կասկած, որ մեր իշխանությունները ըստ էության իմացել են պատերազմի մասին․․․ Եթե չեն իմացել, դա իրենց թերությունն ա, իսկ եթե իմացել են, առավել ևս կատարել են այնպիսի գործողություններ, որոնք, սենց ասեմ՝ հլը բերեք հիվանդ, ոչ հիվանդներին բոլորին տանենք բանակ․․․ Անմիջապես տանում են իրեն առաջնագիծ, ամենաթեժ վայրը, զենքին չտիրապետելով տեղում կռվել են սովորեցնում։ Այսինքն՝ շատ անարդյունավետ միջոցների օգտագործում, երևի թե երեխաների կյանքը էդ պահից էլ սկսած արդեն իրենց համար որևէ արժեք չէր ներկայացնում»։

Հոր խոսքով՝ տղաները մի դիրքից մյուսն են տեղափոխվել, մի մարտից՝ մյուսը, 34 օր անընդմեջ առանց հերթափոխի ու հանգստի մարտնչել են, հյուծվել, ինչն էլ որդու զոհվելու պատճառ է դարձել. – «Ըստ էության, զինվորների ամեն ձև հյուծել են, ամեն ձև փորձել են․․․ Բնական է, հերթափոխ չլինի, երեխան հոգնած, հյուծված վիճակում մարտնչել բնական է չի կարող։ Եվ հենց դա է եղել ուղղակի պատճառը իմ որդու զոհվելու։ Որովհետև վերջին անգամ դիրք փոխելուց հետո, երբ որ նորից ուղարկել են, արդեն 29-ին գնացել են դիրքավորվել են, փորձել են իրենց խրամատները փորել, չեն հասցրել։ Ֆիզիկապես չի հասցրել ինքը իր ապաստարանը փորի, ծածկը իր վրա դնի։ Լեյտենանտից բարձր հրամանատար երեխաները չեն ունեցել դիրքերից դիրք տեղափոխելիս, մարտնչելիս»։

Լևոնը պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող էր։ Հայրն ասում է՝ անգամ առողջական խնդիրներով առանց դժգոհելու մեկնել էր ծառայության, սակայն այն վերաբերմունքը, որին արժանացավ զինվորական ծառայության ընթացքում նրա կյանքի նկատմամբ անտարբերություն էր․ - «Իմ Լևոնը նման վերաբերմունքի պետության կողմից արժանի չէր»։

Հայրը իրեն տանջող հարցերի պատասխանները ստանալու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Զինվորական դատախազությունը ստացել է նման բազմաթիվ դիմումներ, որոնք ուղարկվել են Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ՝ դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG