Մատչելիության հղումներ

Ըստ նախարարի` գիտության ոլորտում հրաշքների պետք չէ սպասել, ֆինանսավորումն է փոքր


«Անվտանգություն ասելով նաև պետք է հասկանանք ուժեղ միտք, անվտանգությունը պետք է սկսվի մեր գիտակցությունից», - այսօր Ազգային ժողովում կայացած «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» լսումների մեկնարկին կարծիք հայտնեց կրթության և գիտության նախարար Վահրամ Դումանյանը:

«Առանձին ուղղություններում, առանձին կոնկրետ խնդիրներում, այո, մենք կարող ենք գրանցել արդյունք, որ չի կարող գրանցել կամ չի հաջողվի գրանցել գերտերություններին, որովհետև սա մտքի արդյունք է: Այն մյուսը տնտեսական արդյունք է, միտքն անսահմանափակ է, մեր մտքի մեծությունը կապ չունի մեր պետության մեծության հետ», - ասաց նա:

Այդուհանդերձ, ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գիտության ոլորտում հրաշքների պետք չէ սպասել, ֆինանսավորումն է փոքր` այս տարվա համար 13 միլիարդ դրամ. «Ամեն ինչի հիմքը երիտասարդներն են, սկիզբը, պետք է ձգտում լինի, մրցակցություն լինի գիտնական դառնալու, դասախոս դառնալու, բուհում աշխատելու: Չունենք այսօր դա, չունենք այդ մրցակցությունը: Ունենք երիտասարդ գիտնականներ, իհարկե, ունենք, ես խոնարհվում բոլորի առջև, բայց իրենք քիչ են, շատ քիչ են»:

Կրթության նախարարն արդարացրեց այն երիտասարդ մասնագետներին, որոնք արտերկիր են գնում բարձր աշխատավարձով աշխատելու. «Տաղանդավորներից շատ-շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում, գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքներով են զբաղվում և ճիշտ են անում»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով` գիտատեխնիկական զարգացման արդյունքում աշխարհում անվտանգային համակարգերը կտրուկ փոփոփոխությունների են ենթարկվում, և դրանք չտեսնելը ու սեփական զարգազման ուղենիշներ չորդեգրելը կարող է բերել ողբերգական հետևանքների. «Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է բոլոր ուղղություններով և ամեն կերպ գիտական նոր ուղղություններով զարգացումներ սկսենք և սկսենք դրանք ֆինանսավորել, սա նշանակում է, որ մենք կարիք ունենք շատ ավելի լուրջ կոորդինացիայի և ինստիտուցիոնալ կոորդիանացիայի, սա նշանակում է, որ առաջնահերթությունները պետք է վերանայվեն և բերվեն նոր սանդղակների»:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ղարաբաղյան այս նոր պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից պատերազմներում ներգրավված է նաև գիտությունը: Քոչարյանի համոզմամբ՝ արտերկրում գտնվող հայ գիտնականները պետք է սերտորեն կապված լինեն Հայաստանի անվտանգության համակարգին, այս կապը կոորդինացնողն էլ Պաշտպանության նախարարությունը պետք է լինի:

«Հիմա շատ կարևոր է` մեր այս լսումներից հետո` վաղը, մենք ունե՞նք ծրագիր` բանակի հետ ոնց ենք աշխատում, որն է այդ կապող օղակը: Իհարկե կառավարությունը, իհարկե Պաշտպանության նախարարությունը, Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները պետք է առաջնահերթությունը դնեն ինտելեկտի դեպի բանակ բերելու խնդիրների լուծման վրա», - նշեց պատգամավորը:

Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի համոզմամբ` զարգացած գիտություն ունենալու համար անհրաժեշտ ֆինանսավորում պետք է ունենալ, նաև համապատասխան կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն ու գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր. «Երկար տարիներ մեր գիտությանը հատկացվող միջոցները կազմում են պետական բյուջեի ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, ուրեմն սա կարելի է ասել, որ գիտության ֆինանսավորում չէ, ես նկատի ունեմ 1991 թվականից մինչև հիմա. մենք ոչ թե այս միջոցներով ֆինանսավորել ենք գիտությունը, այլ այս միջոցները տրամադրվել են պահպանելու գիտական կազմակերպությունները, որոնք սովետական շրջանում զբաղվում էին գիտությամբ»:

Մարտիրոսյանը հույս է հայտնում` 2020-ի իրադարձությունները` քովիդն ու պատերազմը կշահագրգռեն էապես փոխել գիտության զարգացման հարցերում առկա մոտեցումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG