Մատչելիության հղումներ

Հայաստան և Վրաստան երեք դեռահասների արտաքսումն աղմուկ է բարձրացրել Ավստրիայում


Վիեննա, Ավստրիա, արխիվ

Հայաստան և Վրաստան երեք դեռահաս աղջիկների արտաքսումն Ավստրիայից քաղաքական լարվածություն է հասունացրել Վիեննայում։ Ավստրիացիների մի մասը քննադատում է կառավարությանը, իրենց բնորոշմամբ, «հասարակությանն ամբողջությամբ ինտեգրված» երեխաներին համավարակի պայմաններում դեպորտացիայի ենթարկելու համար։

Չնայած զանգվածային քննադատությանը և մի քանի բողոքի ցույցերին՝ հունվարի 28-ին Ավստրիան, այնուամենայնիվ, երկրից արտաքսեց 12-ամյա երկու վրացի քույրերի և հայազգի մեկ ուսանողուհու՝ նրանց ընտանիքների հետ։

Երեխաների դեպորտացիան կտրուկ բացասական արձագանքի է արժանացել Ավստրիայի Կանաչների կուսակցության կողմից։ Կանաչները ներկայում երկրի կոալիցիոն կառավարության կազմում են՝ երկրի վարչապետ Սեբաստիան Կուրցի ղեկավարած «Ավստրիայի ժողովրդի» պահպանողական կուսակցության հետ, սակայն լուրջ անհամաձայնություններ ունեն ապաստանի տրամադրման քաղաքականության վերաբերյալ։

«Հնարավոր չէ կատարելապես ինտեգրված երիտասարդ մարդկանց, այս պարագայում՝ ուսանողների, հանել իրենց դասարաններից և տեղափոխել ծննդավայրի երկիր, որը նրանց ծանոթ չէ, նրանք նույնիսկ չեն խոսում այդ լեզվով», - հայտարարել է Ավստրիայի սոցիալական հարցերով նախարար Ռուդոլֆ Անսշոբերը։

Հարցին անդրադարձել է նաև երկրի նախագահը, որը Կանաչների կուսակցության նախկին ղեկավարն է։ «Ես չեմ կարող և չեմ հավատում, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նման քայլի գնալն իրապես անհրաժեշտ է»,- Թվիթերում հրապարակված տեսաուղերձում ասում է Ալեքսանդր Վան Դեր Բելլենը։

Կուսակցությունից նաև հայտարարել են, որ Ներքին գործերի նախարարությունը խոստացել է վերանայել աղմուկ հանած գործերը։

Խնդիրն Ավստրիայի հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ 12-ամյա վրացի աղջիկներից մեկի դասընկերների սկսած առցանց ստորագրահավաքն ավելի քան 34 հազար ստորագրություն հավաքեց։

Հինգշաբթի առավոտյան՝ դեպորտացիայից առաջ, մոտ 160 ցուցարարներ փակել են արտաքսման կենտրոնից դուրս եկող ճանապարհը՝ թույլ չտալու ոստիկանությանը արտաքսել դեռահաս աղջիկներին։ Ցուցարարների շարքում նաև մի քանի քաղաքական գործիչ է եղել՝ Կանաչների և այլ կուսակցությունից։ Այնուամենայնիվ, ոստիկանությանը հաջողվել է կազմակերպել դեպորտացիայի գործընթացը։

Նրանք, ովքեր կողմնակից էին դեռահասների արտաքսմանը, այդ թվում` երկրի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը, պնդում են, որ արտաքսվող անձինք Ավստրիայում մնալու օրինական հիմք չեն ունեցել։

Ներգաղթի հարցը Ավստրիայի ներկա կառավարության առջև ծառացած հիմնական խնդիրներից է։ Վարչապետ Սեբաստաին Կուրցը հայտնի է իր հակաիմիգրացիոն տրամադրություններով և ընտրություններից հետո կոալիցիա կազմող երկու կուսակցությունների միջև ամենամեծ տարաձայնություններից մեկը հենց երկրի միգրացիոն քաղաքականությանն էր վերաբերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG