Մատչելիության հղումներ

Հետպատերազմյան շրջանում ՊՆ-ում պետք է ոչ թե անձերի փոփոխություն, այլ՝ կառուցվածքային, պնդում է ռազմագետը


Հայ զինվորները զորավարժությունների ժամանակ, արխիվ
Հայ զինվորները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Հետպատերազմյան շրջանում առաջին հերթին անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել Պաշտպանության նախարարությունում, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Ոչ թե անձերի փոփոխություն, այլ իսկապես շեշտադրումը դրվի ոչ միայն սպառազինության վրա, այլ նաև Պաշտպանության նախարարության ներքո գործի կամ գործող վերլուծական կենտրոնների հիմնման և դրանց պրակտիկ գործունեություն ծավալելու համար միջոցներ ձեռնարկվեն», - ասաց Հովհաննիսյանը։

Ռազմագետն ընդգծեց՝ Պաշտպանության նախարարությունը պետք է սեփական կանխատեսումներն ու վերլուծություններն ունենա և դրանց հիման վրա գործի։

«Մյուս կողմից, եթե մենք անցնենք սպառազինությանը, ապա մենք պետք է ասենք, որ այս օրեցօր զարգացող ժամանակաշրջանում այլևս տարածաշրջանը և ընդհանրապես աշխարհն անցում է կատարել անհպում պատերազմին», - նշեց Հովհաննիսյանը։

«Անհպում» պատերազմի առաջին օրինակը կիրառվեց հենց Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, ասում է փորձագետը։

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանն օրերս խոստովանել էր, որ Հայաստանը չի հասցրել «պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ։

«Սրա մասին մենք պետք է շատ մտածենք, որովհետև բարձր տեխնոլոգիաների դարում այլևս մյուս պատերազմները լինելու են նաև արհեստական բանականության կիրառությամբ պատերազմներ։ Այնպես որ մենք հենց այս ուղղություններով նաև պետք է մտածենք և այս ուղղությունները զարգացնենք», - ասաց ռազմագետը։

Ուղիղ 29 տարի առաջ կազմավորված Զինված ուժերի սպառազինության ձեռք բերման այլընտրանքային շուկաներ փնտրելու կարիք կա, ասում է Կարեն Հովհաննիսյանը և հավելում՝ այս պատերազմը դա ևս մեկ անգամ ապացուցեց։

«Ամենակարևոր պահերին մեզ անհրաժեշտ է երկրորդ, երրորդ շուկա ունենալ, որ կարողանանք ձեռք բերել զենք-զինամթերք», - ասաց ռազմագետը։

Նրա պնդմամբ, Հայաստանը չպետք է կաղապարվի զենք-զինամթերք միայն Ռուսաստանից ձեռք բերելով, իշխանությունները պետք է հասկանան, որ մեկ աղբյուրից զենք գնելը սխալ է։

«Քանի որ մենք ունեք արդեն դրա օրինակը և դրա փորձը, որ այն սխալ է, պետք է իսկապես փնտրել և գտնել նոր աղբյուրներ, նոր երկրներ, որոնց հետ կարող ենք նոր ռազմական համագործակցության գնալ», - եզրափակեցԿարեն Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG