Մատչելիության հղումներ

Պատերազմի երկրորդ օրվանից մի քանի տարով մեծացել ենք, վախն ու խուճապը մոռացել․ 70-օրյա շրջափակումից դուրս եկած զինվոր


Արման Արմաղանյանը հիվանդանոցում

70 օր շրջափակման մեջ մնացած ու հրաշքով փրկված 6 զինվորներից 21-ամյա Արման Արմաղանյանին հանդիպեցինք հիվանդանոցում։ Բժիշկները հեռացրել են ցրտահարված ոտքի մատները։

Ողջ մնացած մյուս 5 տղաների ոտքերն էլ նույն վիճակում են, ամպուտացված են տարբեր հատվածներից։

Արմանի հիվանդասենյակ մեզ ուղեկցող բուժաշխատողներն ասացին, որ նա անսպառ հումոր ունի, շատ լավատես է։ Առաջին հարցը ինքը մեզ տվեց՝ նայելով վիրակապված ոտքերին․ - «Լավն ա չէ՞ տոտոշներս։ Որոշ ժամանակ էլ սպասեմ, հելնելու եմ ֆուտբոլ խաղամ, սալտո տամ․․․»

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Արմանն ու մյուս տղաները զորակոչվելուց հետո նախ որոշ ժամանակ կարանտինում են մնացել, հետո տեղափոխվել են զորամաս։ Երկու ամսվա զինծառայող էին, երբ պատերազմը սկսվեց։ Նրանց զորամասը հենց առաջնագծում էր...

Պատերազմի թեժ օրերին մարտական գործողությունների ընթացքում հանկարծ նկատել են, որ մի քանի հոգով մնացել են շրջափակման մեջ։ Արմանն ասում է, որ հենց պատերազմի երկրորդ օրվանից մի քանի տարով մեծացել են, վախն ու խուճապը մոռացել։ Թե ինչպես ու որտեղ են 70 օր գոյատևել, ինչպես են հաճախ իրենց հնարքների շնորհիվ մի դուռ այն կողմ գտնվող ադրբեջանցիներից թաքնվել, չի մանրամասնում։ Անգամ խարույկ չեն վառել, որ տաքանան, հակառակ դեպքում ադբեջանցիները հեշտությամբ կգտնեին իրենց։ Երկու ամսից ավելի սնունդը հայթայթել են հայկական լքված տներից։ Ընկերներով որոշել էին նամակներ թողնել այդ տներում․ - «Շնորհակալություն, ձեր տունը փրկել է հայ զինվորի կյանքը։ Էդ տիպի նամակներ էինք ուզում գրենք, թողնենք տներում, բայց հետո, որ հասկացանք, որ պատերազմն արդեն ավարտվել ա, հայ ընտանիքը արդեն դժվար վերադառնա, էդ նամակների կարիքն էլ չեղավ»։

Մոլորված խմբից տեղանքում արագ կողմնորոշվել է Արմանը՝ արևի, ստվերների, սարերի ձյան, ծառերի աճի ուղղություններով։ Հեռախոսները լիցքավորել են ձեռքների տակ եղած մարտկոցներով ու լարերով։ Երբ հասել են ավերված մի տան, հանկարծ նկատել են, որ թերլիցքավորված հեռախոսը կապ է որսում։ Արմանը միանգամից եղբորն է զանգահարել ու հարցրել՝ կողմնացույց ինչպե՞ս են պատրաստում, հետո նկարագրել իր պատկերացրած տեղանքն ու հարցրել, թե քանի՞ կիլոմետր ու ո՞ր ուղղությամբ կարող են գնալ, որ դուրս գան շրջափակումից։

Այդ զանգից հետո արդեն ՊՆ-ն, ԱԱԾ-ն ու փրկարարներն են անցել գործի ու գտել են նրանց։

«Որ տեսանք ուղեկցող Արթուրին, միանգամից ցավացող ոտերով սարերի, քարերի մեջով վազելով գնացինք։ Միանգամից Արթուրը էկավ, փաթաթվեցինք, վաղուց մարդ չէինք տեսել մենք։ էլ վախենալու տեղ չկար, արդեն հասկանում էինք, որ ինչ ուզում ա լինի, արդեն դուրս ենք եկել։ Ուղեկցող Արթուրին չէինք ճանաչել, բայց նենց տպավորություն է, ոնց որ հազար տարի ճանաչում եմ»։

Հիվանդանոցից տեսազանգով խոսել է նաև խուլ ու համր ծնողների հետ։

Շրջափակումից դուրս գալը երբեմն անհավանական է թվացել 6 տղաների համար։ Արմանն ինքն էլ է երբեմն ամենավատ սցենարները պատկերացրել, բայց հետո արագ սթափվել է։ Որ ընկերները թևաթափ չլինեն, նրանցից խոստումներ է կորզել՝ ասելով, որ ամեն գնով պետք է ողջ վերադառնանք, որ տված ձեր խոստումները կատարեն։

Պատերազմի սկսվելու ու դա կանգնեցնելու թեմայով հարցեր իրեն շատ են տալիս, բայց ասում է՝ ես երկու ամսվա ծառայող եմ եղել ու իրավունք չեմ վերապահում ինձ այդ թեմաներից խոսել։ Սակայն մի բանում վստահ է՝ ավելի շուտ պետք է կանգնեցվեր պատերազմը, որ այսքան զոհ չունենայինք։

Իսկ եթե առհասարակ չստորագրվեր հրադադարի հայտարարությունը, ինքն այս հարցազրույցն էլ չէր տա. – «Ինտերնետում շատ նամակներ եմ տեսել, կոմենտներ եմ տեսել, որ գրած ա եղել՝ ինչի՞ ստորագրեց էդ պայմանագիրը, էդ պայմանագիրը պետք է չլիներ։ Եթե էդ պայմանագիրը չլիներ, իմ նման լիքը զինվորներ այնտեղից դուրս չէին գա»։

Արմանը, Արսենը, Դավիթը, Նիկոլայը, Արթուրն ու Ռուսլանն ամեն օր շփվում են վայբերի ընդհանուր խմբում, որոշել են միասին շրջագայել։ Արմանն իր նոթատետրում 10 անելիք է նշել․ հիվանդանոցից դուրս գալիս մորուքն է հարդարելու, անգլերեն է սովորելու, վեբ դիզայների մասնագիտություն է ձեռք բերելու, իսկ ամենագլխավոր նպատակն արդեն իրականացրել է՝ շուն է գնել։

Ցրտահարված ոտքի մատներից զրկված Արմանը կրունկների վրա կանգնելով ու հավասարակշռությունը պահելով, մեզ ճանապարհեց դեպի իրենց տուն, որտեղ նրան սպասում են ծնողները, եղբայրն ու շունը։

Եղբայրը՝ Անդրանիկը «Ազատությանը» պատմեց, որ ինքն ու ծնողները 70 օր հույսները չեն կորցրել, վստահ են եղել Արմանը ողջ է, անդադար ու ամենուր նրան են փնտրել․ - «Դաժե ասել էին Արմանը զոհվել ա, բան․․․ Էտի իմ մեջ ոչ մի բան չկոտրեց»։

Արմանի թղթերով Անդրանիկն է զբաղվում։ Տեղյակ չէ՝ Պաշտպանության նախարարությունը զբաղվում է արդյոք նրա հարցերով, բայց ասաց՝ բուժումը, վիրահատությունը, հետագայում նաև պրոթեզավորումն ասել են անվճար է լինելու։ Թեև մինչև այս պահը պետությունից ոչ մի փոխհատուցում չեն ստացել, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գոյության մասին էլ մեզնից տեղեկացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG