Մատչելիության հղումներ

Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մտադրությունը հարուցել է խորհրդարանական ընդդիմության կոշտ քննադատությունը


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

Խորհրդարանական ընդդիմությունը կոշտ է արձագանքում իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան նշանակելու՝ իշխանության մտադրությանը:

«Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, թե Մակունցի նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն կզրոյանա։

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

Պատգամավորն այդ իրավիճակն «աղետ» բառով է բնութագրում․ - «Կարծում եմ, ինքը ընդամենը փորձում է իր յուրայիններին հանել երկրից, համենայն դեպս, առանցքային յուրայիններին, ովքեր անպայմանորեն կանգնելու էին քրեական պատասխանատվության առաջ։ Իսկ խմբակցության ղեկավարը առանցքային պաշտոններից մեկն է, ինքը ընդամենը հեռացնում է երկրից։ Սա իմ անձնական դիտարկումն է։ Որովհետև չէր կարելի ընդամենը կնոջ, որը գիտի լավ անգլերեն․․․ Ուրեմն եկեք էդ դեպքում մրցույթ հայտարարենք, ամենալավ անգլերեն իմացողին նշանակենք Ամերիկայում դեսպան»։

«Լուսավոր Հայաստանում» էլ են խնդրահարույց համարում Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու մասին լուրը։ Խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դիտարկմամբ, այդ նշանակումը Հայաստանի շահերից չի բխի։

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

Պատգամավորը համոզված է՝ ներկայիս իշխանությունները շարունակում են նախկին վատ ավանդույթները․ - «Խնդրահարույց է։ Որովհետև մեր դիվանագիտական բլոկը շարունակելու է չաշխատել։ Մենք գիտենք սպորտսմենների նշանակում դեսպան և՝ չկար հարաբերություններ, փեսաներին, ինչ-որ, թոշակի ուղարկելու փոխարեն ուղարկում էին դեսպան։ Սա նույն հին, վատ ավանդույթների շարունակությունն է։ Երբ մարդը դիվանագետ չի, ես չգիտեմ ինչ է անելու այնտեղ, ինչ ծրագրով է գնում, բայց վստահ չեմ, որ դա լինելու է ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Բայց վստահ եմ, որ սա նշանակում է չելնելով Հայաստանի Հանրապետության շահերից, այլ ելնելով մտերիմին ինչ-որ տեղ տեղավորելու սկզբունքից»։

Որ իշխանությունների օրակարգում նման հարց կա, երեկ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի ընթացքում հաստատեց ինքը՝ Լիլիթ Մակունցը՝ հավելելով, թե դեռ վերջնական որոշում չկա։

Մակունցը, որ հեղափոխությունից անմիջապես հետո նշանակվել էր Մշակույթի նախարար, խնդիր չի տեսնում դիվանագիտության ոլորտում փորձ չունենալու մեջ․ - «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով։ Քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա, կարծում եմ, այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։ Իսկ փորձը, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»:

Ազգայի ժողովի փոխնախագահ, իշխող ուժից Ալեն Սիմոնյանը Լիլիթ Մակունցի թեկնածությունը դրական է գնահատում՝ հաշվի առնելով նրա աշխատանքային հնարավորություններն ու գիտելիքները։ Սիմոնյանը համոզված է, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցը պատվով կիրականացնի իր աշխատանքը։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության քննադատությանը, Սիմոնյանը դրանք անհիմն է համարում․ - «Այսօր նման ժամանակահատվածում ենք մենք ապրում․ եթե մարդը ջրի վրայով էլ քայլի, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ տեսեք-տեսեք, ինքը լողալ չգիտի։ Այսինքն՝ ում էլ մենք առաջադրեինք, քննադատություն լինելու էր, և խորհուրդ եմ տալիս այդ քննադատներին զբաղվել իրենց անձնական գործերով, որովհետև իրենց մեծամասնության գործերը բավականին խառն են և որոշումների և կադրերի մասով բավականին անհաջող՝ սկսած իրենց միասնական թեկնածուից, վերջացրած ընդհանուր առմամբ գործունեությամբ»։

Կառավարությունը դեռ լռում է՝ ի՞նչ է պատճառը, որ օրակարգում ԱՄՆ-ում դեսպանին փոխելու հարցն է հայտնվել։ Արդյո՞ք այն կապված է ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորման հետ, թե՞ դրա համար այլ պատճառներ կան։

Ալեքսանդր Իսկանդարյան
Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, հարցն ավելի շատ ներքին քաղաքական զարգացումներով է պայմանավորված, ոչ թե Միացյալ Նահանգներում տեղի ունեցող գործընթացներով․ - «Պատերազմում պարտությունից հետո մեզ մոտ շատ պաշտոնյաներ են փոխվում։ Եվ դրա համար, ես կասեի, երկու գործոն կա՝ քաղաքական նշանակումների քաոտիկությունը, այսինքն՝ ինստիտուցիոնալություն չկա, նրանք նշանակվում են՝ ելնելով իշխանության առանձին մարդկանց պատկերացումներից։ Երկրորդ՝ ստեղծված իրավիճակից, ճգնաժամից դուրս գալը դիտարկվում է մարդկանց փոփոխությամբ, իմիջի փոփոխությամբ»։

ԱՄՆ-ում այս պահին ՀՀ դեսպանը Վարուժան Ներսիսյանն է. նա այդ պաշտոնին նշանակվել է հեղափոխությունից հետո։

Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի ձևավորմամբ արդյո՞ք ԱՄՆ-ն կփոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Ալեքսանդր Իսկանդարյանը մեծ սպասումներ չունի։

Հատկանշական է, որ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալությունից հետո հայ-ամերիկյան հարաբերություններին անդրադարձել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մասնավորապես անդրադառնալով նաև Արցախի կարգավիճակի հարցին։ Դեսպանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է համարում տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG