Մատչելիության հղումներ

Պուտինը պնդում է, որ ինքը և իր ազգականներն առնչություն չունեն Գելենջիկում կառուցված շքեղ առանձնատան հետ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռավար կարգով զրուցում է ռուսաստանցի ուսանողների հետ, Զավիդովո, 25 հունվարի, 2021թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն «Ուսանողի օրվա» կապակցությամբ երիտասարդների հետ հեռավար կարգով զրույցի ընթացքում անդրադարձել է Գելենջիկում կառուցված շքեղ առանձնատանը, որն, ըստ բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հեղինակած վավերագրական ֆիլմի, իրեն է պատկանում:

Այդ ֆիլմը վերջերս հեռարձակվել է Youtube-ով և տասնյակ միլիոնավոր դիտումներ է գրանցել:

Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե ժամանակի սղության պատճառով ֆիլմը չի դիտել, սակայն տեղյակ է դրա մասին:

«Ոչ մի բան, որն այդ ֆիլմում ներկայացվում է իբրև իմ սեփականություն, ոչ ինձ, ոչ իմ մտերիմ ազգականներին չի պատկանում և երբեք չի պատկանել, երբեք»,- շեշտել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, թե այդ ֆիլմով փորձում են խեղաթյուրել իրականությունը և զրպարտել նախագահին:

Պուտինն ուսանողների հետ տեսակապով վարած զրույցում խոսել է նաև Նավալնիի աջակիցների կազմակերպած բողոքի ակցիաների մասին:

Ռուսաստանի ղեկավարը դրանք անվանել է «չարտոնված, ապօրինի ու վտանգավոր»:

XS
SM
MD
LG