Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով կնշի հիմնադրման 15-ամյակը


Ճիշտ 15 տարի առաջ այս օրը առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ համերգով։ Այն ժամանակ 18-ամյա Սերգեյ Սմբատյանը, համախմբելով իր համադասարանցիներին ու համակուրսեցիներին, հիմնադրեց այս նվագախումբը, որը երեք տարի անց պետական կարգավիճակ ստացավ։

Այսօր երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք համերգով կնշի հիմնադրման 15-ամյա հոբելյանը:

«Ազատության» հետ զրույցում նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբանյանը, անդրադառնալով հոբելյանական համերգին, ասաց․ - «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է, և առաջին համերգից անցել է ուղիղ 15 տարի։ Հունվարի 25-ին 2006 թվականի տեղի ունեցավ նվագախմբի անդրանիկ համերգը, և 15 տարի հետո մենք նշում ենք այս պատանի հոբելյանը։ Պատրաստել ենք մի համերգային ծրագիր, որը հիմնված է նվագախմբի առաքելությունների վրա։ Ունենք մենակատարներ արտերկրից։ Հանդես են գալու դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ով նվագախմբի բարեկամն է և բազմիցս համերգներով ենք հանդես եկել նրա հետ։ Մասնակցելու է նաև կլարնետահար Անդրեաս Оտենզամերը, ով շատ հայտնի է։ Ունենալու ենք նաև մեր տեղացի սիրելի մենակատարները՝ Հասմիկ Պապյանը, սոպրանո, և Գևորգ Պապյանը, բարիտոն։ Ինչպես նաև մեր նվագախմբի գլխավոր հրավիրված դիրիժոր, իտալացի Ջանլուկա Մարչիանոն»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս 15 տարիներին հիմնադրել է 4 փառատոն, որոնց մշտապես մասնակցել են անվանի երաժիշտ կատարողներ և դիրիժորներ արտերկրից, բազմաթիվ երաժշտական նախագծեր է իրականացրել, այդ թվում և կրթական, հարյուրավոր համերգներով է հանդես եկել թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանյան բազմաթիվ երկրներում, որտեղ մշտապես ներկայացրել է հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ստեղծագործությունները։

Նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց․ - «15 տարիների մեր փորձ և մեր գործընկերների հետ աշխատելու փորձը գերագույն ձեռքբերում է ինձ համար և իմ ընկերների համար։ Ես կարծում եմ, որ մյուս տարիներին շատ ավելի մեծ ձեռքբերումներ կգրանցենք։ Ամեն դեպքում, նոր ծրագրեր, նոր պրոյեկտներ ունենք շատ։ Խոսում ենք շատ ունիկալ նվագախմբի մասին, որը կարողանում է նաև համատեղել ոչ-դասական, ոչ-ստանդարտ նախագծերը՝ կրեատիվ, նորարարական և ակադեմիական երաժշտություն։ Կարծում եմ, որ կարևորագույն դեր ենք մենք ստանձնել, որ կատարում ենք հայ կոմպոզիտորներին, և ոչ միայն այն սկզբունքով, որ կատարում ենք կատարելու համար, այլ մենք ընտրում ենք այն ստեղծագործությունները, որոնք որ չի կարելի չկատարել»։

Հարցին, թե ինչն է իր համար ամենադժվարը եղել այդ 15 տարիներին, Սմբատյանը պատասխանեց․ - «Ամենդժվարը եղել ա այն, որ Հայաստանում ստեղծենք մի միջավայր, որը համահունչ կերպով կղեկավարի այդ պրոցեսները, որովհետև իսկապես 21-րդ դարում մշակույթ կառուցելը և դասական երաժշտության հետ առնչությունը շատ կարևոր է։ 15 տարիների ընթացքում ամենադժվարը այն է եղել, որ մարդիկ, ովքեր ինչ-ինչ ձևաչափերով կապված են որոշում կայացնելու հետ, պատկերացնեն, որ սա շատ կարևոր ոլորտ է, մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, և շատ զգույշ պետք է լինել, որովհետև ընդհանրապես արվեստում, մշակույթում և դասական երաժշտության մեջ մի որոշումը կարող է շատ վատ վիճակի բերել տարիներ անց։ Դա է եղել, իմ պատկերացմամբ, ամենադժվարը, որ մենք կարողանանք այս նվագախմբի գործունեությունը, և ոչ միայն նվագախբի, այլ բոլոր ստեղծագործական կոլեկտիվների և թիմերի գործունեությունը բերել մի դաշտ, որտեղ չունենք դեռ կորուստներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG