Մատչելիության հղումներ

Անհայտ կորած 40 զինծառայողների ընտանիքներն ասում են՝ պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել


Էջմիածնի քիմիական զորամասի 40 պայմանագրային զինծառայողներից ընտանիքներն արդեն 93 օր է` լուր չունեն։ Տիկին Անահիտն ու Լաուրան «Ազատությանը» պատմեցին՝ դատարանով հաստատված փաստաթուղթ չունեն, որ իրենց տղաներն անհայտ կորած են, զորամասից էլ տեղեկացրել են, որ վերջիններս համարվում են աշխատանքից ազատված, հետևաբար նաև աշխատավարձ չկա։

Ամուսինների ու որդիների վերադարձին սպասող ընտանիքներն այսօր նաև ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել։ Շաբաթներ շարունակ պետական գրեթե բոլոր ատյանների առջև բողոքի ակցիա կազմակերպող հարազատներից շատերն այսօր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասացին՝ դեռ հունվարի սկզբին ռազմական գործողությունների տարածքից դուրս բերված ևս 14 զինծառայողի աճյունների ԴՆԹ պատասխանի են սպասում, գուցե համընկնումներ լինեն։

Լաուրա Ներսեսովայի անհայտ կորած որդին 7 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է, անչափահաս երեք երեխա ունի։ Ընտանիքը որդու աշխատավարձի միայն մի մասն է ստացել, այսօր գոյատևում են նրա ծեր հոր թոշակով. «Իմ երեխեն հոկտեմբերի 21-ից անհայտ կորած է հոկտեմբերի 27-ին աշխատավարձի որոշ գումարն ենք ստացել, մնացած գումարը նոյեմբերի մեջ 18 հազար ենք ստացել ու ֆսյո, մինչև հիմա ոչ մի գումար չենք ստացել»:

Դեռ դեկտեմբերի 10-ին կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները ամսական 300 հազար դրամ կստանան, մինչև հստակեցվի նրանց կարգավիճակը. «Բյուջեից գումար կփոխանցվի հիմնադրամին, որպեսզի հիմնադրամն այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրվի, մինչև իրենց կարգավիճակը, հարաբերությունները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կհստակեցվի», - ասել էր վարչապետ Փաշինյանը:

Խոսքը «Կամուրջ» ծրագրի մասին է, ըստ որի՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ու կառավարությունը համատեղ պետք է անհայտ կորած համարվողների ընտանիքներին փոխհատուցում տրամադրեն։ Իսկ եթե արդեն դատարանով հաստատվի զինծառայողի անհայտ կորած լինելու կարգավիճակը, ապա ընտանիքն ըստ զինծառայողի զինվորական աստիճանի կստանա 200-300 հազար դրամ ամսական գումար և միանվագ 10 մլն դրամ։

«Արդյոք այս 40 անհայտ կորած զինծառայողներն այդ ցուցակներում ներառվա՞ծ են»,- փորձեցինք ճշտել Պաշտպանության նախարարությունից, պատասխանեցին՝ հարցերը գրավոր ուղարկեք, բայց պատասխանն այսօր մի սպասեք։

Անահիտ Ադոյանի որդին նույնպես Էջմիածնի քիմիական զորամասի անհայտ կորած համարվող 40 զինծառայողների շարքում է։ Ասում է՝ ոչ սիրտ ունեն, ոչ էլ ժամանակ, որ աջակցություն ստանալու համար թղթեր հավաքեն ու դռնեդուռ ընկնեն։ Կարծում է՝ իրենց որդիներին ռազմաճակատ տարած Պաշտպանության նախարարությունը պարտավոր է լուծել այդ հարցերը։ Տիկին Անահիտի խոսքով՝ 40 անհայտ կորածներից ոչ մեկի ընտանիքը պետությունից աջակցություն առայսօր չի ստացել. «Անհայտ կորելուց 72 ժամ հետո արդեն իրենք փաստացի համարվում են անհայտ կորած, ու իրենց աշխատանքից հեռացրել են, աշխատավարձերը կտրել են: Անգամ 93 օր է` ոչ մի պատկան մարմին չի էլ անհանգստանում` այդ 40 ընտանիքներն ունեն անչափահաս բալիկներ: Իրենք իրենց կոմունալները ո՞նց են վճարում, իրենց բալիկներին կաթով ո՞նց են ապահովում: Զորամասից հարցնում ենք` բա ո՞նց պիտի արվի, ասում են` դե սպասեք էլի, մի բան կլինի»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենք նույնպես դիմումներ ու ահազանգեր են ստացել անհայտ կորած համարվող պայմանագրային զինծառայողների աշխատավարձի պահպանման հարցի վերաբերյալ։ Օմբուդսմանի գրասենյակը Պաշտպանության նախարարությունից նախ ստացել է պատասխան, որ այդ զինծառայողների աշխատանքն ու աշխատավարձը կպահպանվի, հետո հակառակ պատասխանն են ստացել։

«Գտնվելու վայրն անհայտ պայմանագրային զինծառայողների աշխատավարձի պահպանման հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետպատերազմական սկզբնական փուլում ստացել է դիմումներ և ահազանգեր: Սկզբնական շրջանում բոլորի դիմողներին տրվել են պարզաբանումներ, որոնք Պաշտպանի աշխատակազմը աշխատանքային կարգով ստացել էր Պաշտպանության նախարարությունից, համաձայն որի՝ գտնվելու վայրն անհայտ պայմանագրային բոլոր զինծառայողների վարձատրությունը պահպանվելու է։ Պաշտպանության նախարարությունն այդ դիրքորոշումը արտահայտել է նաև Պաշտպանության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 8-ի հրապարակային հայտարարությամբ:

Խորհրդատվություններից հետո զանգերը նվազել են։ Տվյալ պահի դրությամբ չվճարման փաստի մասին ստացվել է մեկ բողոք, որով քննարկման վարույթ է սկսվել, պարզաբանումներ են պահանջվել Պաշտպանության նախարարությունից: Ի պատասխան պարզաբանվել է, որ գտնվելու վայրն անհայտ պայմանագրային զինծառայողներին վարձատրության կարգ նախատեսված չէ: Ստացվում է, որ Պաշտպանության նախարարությունը վերանայել է իր դիրքորոշումը: Խնդիրը բանավոր քննարկվել է Պաշտպանության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ, մեզ պարզաբանվել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Նունե Հովսեփյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացանք, որ Պաշտպանության նախարարությունն արդեն երեք օր է, ինչ անհայտ կորածների ցուցակներ է տրամադրում իրենց, և ըստ այդ ցուցակների վճարումները փոխանցվում են։ Հիմնադրամի ղեկավարը չբացառեց, որ այս շարքում նաև Էջմիածնից զորակոչված ու անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներն առաջիկայում փոխհատուցում կստանան։

XS
SM
MD
LG