Մատչելիության հղումներ

Բոսնիական բանակի հրամանատարը ազատազրկման է դատապարտվել պատերազմական հանցագործությունների համար


Բոսնիայի պատերազմից շուրջ երեք տասնամյակ անց բոսնիական բանակի հրամանատարը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել պատերազմական հանցագործությունների համար։ Սարաևոյի դատարանը 68-ամյա Սակիբ Մահմուլջիին մեղավոր է ճանաչել 50 գերեվարվածների, այդ թվում` էթնիկ սերբերի մահվան համար։

Նրանք սպանվել են տխրահռչակ «էլ Մուջահիդ» խմբավորման կողմից, որի անդամները հիմնականում իսլամիստ կամավորներ են Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր արևելքից։ Այդ խմբավորումը ներառված էր բոսնիական բանակի կազմում։

Մահմուլջինը «չի կանխել հանցագործությունները՝ սպանություններն ու անմարդկային վերաբերմունքը», «ինչպես նաև քայլեր չի ձեռնարկել այդ հանցագործությունների մեղավորներին պատժելու ուղղությամբ», ասվում է դատարանի վճռում։ Դատարանը պնդում է նաև, որ խաղաղ բնակչության դեմ խոշտանգումները, սպանությունները ևս իրականացվել են զինվորականի անմիջական վերահսկողությամբ։

Մահմուլջինը ձերբակալվել է 2015 թվականի դեկտեմբերին, նա համարվում է բոսնիական մահմեդական բանակի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը դատապարտվել է 1992-1995 թվականներին տեղի ունեցած պատերազմի գործով, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG