Մատչելիության հղումներ

Մեկնարկել են Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները


Այսօր լրացավ մեր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որը պիտի նշանավորվի տարբեր իրադարձություններով ողջ տարվա ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում և այլուր:

Իսկ մինչ այդ այսօր նրա երկրպագուները նախ կոմպոզիտորի հիշատակին նրա շիրիմին ծաղիկներ դրեցին, ապա Կարապի լճի մոտ Առնո Բաբաջաբյանի հուշարձանի հարակից տարածքում միջոցառում տեղի ունեցավ, որի ընթացքում ամենաջերմ ու սրտառուչ խոսքեր հնչեցին, հրաշալի ելույթներով հանդես եկան նաև դաշնակահարներ և երգիչներ, որոնց շնորհիվ այդ ողջ տարածքում թևածում էր մեզ բոլորիս այդքան հարազատ ու սրտամոտ բաբաջանյանական երաժշտությունը:

Այս երեկո էլ Արամ Խաչատրյան համերգասրահում Բաբաջանյանի հոբելյանին նվիրված մեծ համերգ է տեղի ունենալու:

Լրագրողներիս հետ զրույցներում մեր անվանի կոմպոզիտորները իրենց հիացմունքն էին հայտնում թե՛ նրա երաժշտության, թե՛ նրա մարդկային կերպարի հանդեպ:

«Միայն մեր ազգային միասնությունն է իր երաժշտության շուրջը; Իսկ ավելի շուքով լիներ, թե ավելի պակաս․․․ այս դժվարին օրերին մեր այս միասնությունը ինձ համար շատ կարևոր բան է, որ մենք կարողանանք վերագտնել մեր հորիզոնական, միմյանց հետ լինելու, թեկուզ սիմվոլիկ գնահատանքի խոսք ասելու, բայցև հասկանալու, որ մեր ստրի մեջ, մեր հոգու մեջ ապրում է մեր պատմությունը, և մենք շրջված ենք հայացքով դեպի այդ պատմությունը։ Քո անձնական երջանկությունը ուրիշ մարդու երջանկության մեջ է, ոչ թե քո երջանկության։ Քո երջանկությունը ամբողջական է, երբ որ դիմացիդ մարդը նույնպես երջանիկ է։ Իսկ կյանքը ճանապարհ է դեպի մեկ ուրիշ մարդը։ Այսօր Առնոյի միջոցով մենք գալիս ենք մեկս դեպի մյուսը և պահպանում ենք մեր հոգու մեջ իր հզոր, հայոց հզոր տաղանդի ուժը», - ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ ընդգծեց․ - «Առնոյի համար բոլորը բարեկամ էին, հարազատ էին։ Նա եթե ինչ-որ մի բան անում էր, անում էր նվիրումով։ Եթե սիրում էր՝ նվիրվում էր, եթե ստեղծագործություն էր գրում՝ նվիրվում էր, եթե ընկերություն էր անում՝ նվիրած էր իր ընկերներին։ Ես դեպք չեմ հիշում, որ որևէ մեկը դիմեր Առնո Հարությունովիչին, նա օգտակար չլիներ։ Իսկ իր ստեղծագործական արժեքը նա է, որ ինքը ժամանակի հետ մեկտեղ քայլում էր, ամեն մի ստեղծագործություն դա իր ժամանակի դեմքն էր»։

«Առնո Բաբաջանյան։ Դրանով արդեն ամեն ինչ ասված է։ Թե՛ երաժշտությունը, թե՛ անձը, թե՛ հայ լինելը, այդ անուն-ազգանունի մեջ այդ ամեն ինչը ամբողջականացած է։ Բաբաջանյանի իսկապես երևությ է, բազմակողմանի օժտված անձնավորություն, որը նույնպես լավ էլ նկարում էր, հետաքրքիր լուծումներ ուներ նկարչական։ Բանաստեղծական փորձեր է արել․․․ Լիարժեք հնչողությունը նրա դաշնամուրի անմոռանալի է։ Եվ նրա ժպիտը, և մի կիսակատակ-կիսափիլիսոփայական արտահայտությունները նույնպես տպավորություն են թողել ոչ միայն ինձ վրա, այլ ամբողջ մի սերնդի վրա։ Նրա երաժշտությունը մեզ հետ է, ուրեմն նա մեր մեջ է», - ասաց Բաբաջանյանի կրտսեր սերնդակից Մարտին Վարդազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG