Մատչելիության հղումներ

Շիրակի նորանշանակ մարզպետը բոլոր դժվարությունները պատկերացնելով է ստանձնել պաշտոնը


Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյան

Կառավարության այսօրվա նիստում Շիրակի մարզպետ նշանակվեց մասնագիտությամբ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը, ով եղել է Գյումրիի «Բեռլին» պոլիկլինկայի տնօրենը, իսկ հեղափոխությունից հետո կարճ ժամանակ զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը:

Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում Շիրակի մարզում արդեն 3-րդ մարզպետն է փոխվում: Անցած շաբաթ ազատման դիմում ներկայացրած նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոստացել է իր հրաժարականի մասին խոսել մի քանի օրից:

Այսօր Գյումրիում լրագրողներին հանդիպած նորանշանակ մարզպետն ասաց, որ գիտակցում է, թե ինչ դժվար ժամանակահատվածում է ստանձնում Հայաստանի ամենաաղքատ, բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեցող մարզի ղեկավարումը․ - «Ես պատկերացնում էի և գիտակցում էի գործի ծանրությունը, և էդ ամեն ինչը պատկերացնելով եմ ես համաձայնվել: Հեշտ էր թե բարդ էր, դա գնահատել այս պահին հնարավոր չի, չեմ էլ կարող մեկնաբանել։ Ասեմ, որ ինձ նաև օգնելու է իմ մասնագիտականը, որովհետև բժշկության մեջ ամենակարևորը դա ախտորոշումն է։ Եթե ունենք հստակ ախտորոշում, արդեն բուժման մեթոդները հնարավոր է գտնել։ Այս պահին ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում էսքան խնդիրներ, որ իրար գումարվել են, ճիշտ ախտորոշման դեպքում միգուցե մենք կարողանանք թեկուզ երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցերի լուծումների սկիզբը դնել»։

Այս պահին մարզի համար առաջնային հարցը Արցախում պատերազմից հետո գերեվարված 62 շիրակցիների վերադարձն է: Նորանշանակ մարզպետը գերիների հարազատների հետ հանդիպելու է և կարծում է, որ հարցը կլուծվի․ - «Մոտեցումը մեկն է՝ գերիները պետք է վերադառնան, հնարավորության դեպքում՝ ժամ առաջ։ Բայց բոլորս էլ պատկերացնում ենք, որ էդ հարցերը կարճ ժամանակում չի լուծվելու, օրեր կտևեն, միգուցե՝ շաբաթ կամ ամիս․․․ էս պահին ոչ մեկ ժամկետ չի կարող ասել։ Բայց Կառավարության կողմից, Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից քայլեր են իրականացվում ժամ առաջ էդ հարցը լուծելու համար։ Հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում»։

33-ամյա Հարությունյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է, 2018-ին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր։ Մի քանի ամիս Առոջապահության փոխնախարարի պաշտոնում համակարգել է մարզային բուժհաստատությունների գործունեությունը:

«Ազատության» հարցին, թե արդյոք առողջապահության նախկին նախարար, օրերս վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Արսեն Թորոսյանի միջնորդությամբ է ստացել մարզպետի պաշտոնի առաջարկը, Հարությունյանն արձագանքեց․ - «Չեմ կարծում, որ դա փոխկապակցված է, որովհետև ես Կառավարությունից առաջարկը ստացել եմ էն ժամանակ, երբ դեռ Արսեն Թորոսյանը աշխատակազմի ղեկավար չէր»։

Թե ինչու է Հարությունյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից, մամուլում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում, այդ թվում՝ իբր այն կապված է նրա հորն առնչվող քրեական գործի հետ։ Հարությունյանի հայրը Մայիսյանում 88-ի երկրաշարժից հետո կառուցված Հայ Ամերիկյան տնաշինական գործարանի տնօրենն է, և քրեական գործը հենց այդ կառույցում տեղի ունեցած չարաշահումներին է վերաբերում։

Նորանշանակ մարզպետը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ գործը իրավական դաշտում է․ - «Գործը կգնա դատարան, որոշում կլինի, բոլորիս էլ պարզ կլինի։ Իսկ մնացած բամբասանքներին չեմ ուզում անդրադառնալ»։

Նախկին մարզպետի երկու օգնականները աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել:

Մինչդեռ Հարությունյանն ասաց, որ կադրային ջարդ չի պատրաստվում իրականացնել․ - «Մինչև մեր հանդիպումը, ես հանդիպեցի աշխատակազմի ղեկավարի հետ և հստակ ասեցի իմ մոտեցումները աշխատանքի վերաբերյալ․ ինչպես եմ պատկերացնում մարզպետարանի աշխատանքը և ինչ պահանջներ ունեմ։ Ու խնդիրը հստակ դրվեց, որ պետք է բոլորը աշխատեն։ Իսկ ինչ վերաբերում է հետագա փոփոխություններին, դրանք լինելու են պատճառաբանված։ Այսինքն՝ եթե կա մարդ, ով իր աշխատանքը լավ է կատարում, պետք է աշխատի, և եթե կան մարդիկ, ովքեր անգամ չեն մոտիվացվում նրանով, որ երկիրը պետք է հզորացնել, ուրեմն պետք է միասին չաշխատենք»։

Ի դեպ, Հովհաննես Հարությունյանը Շիրակի արդեն 11-րդ մարզպետն է:

XS
SM
MD
LG