Աբխազիայի իշխանությունները հրաժարվում են Ռուսաստանին արտահանձնել «Յապոնչիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի սպանության մեջ կասկածվող անձանց։ Այս մասին այսօր հայտարարել է Աբխազիայի գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում էր ներկայացրել Սուխումիի իշխանություններին՝ պահանջելով արտահանձնել 2009 թվականին կատարված սպանության մեջ կակածվող Նուգզար Պապավային և Աստամիր Բուտբային։
«Աբխազիայի Սահմանադրությունն ու քրեադատավարական օրենսգիրքը արգելում են երկրի քաղաքացիների արտահանձնումը օտար պետություններին՝ քրեական հետապնդման նպատակով», - նշված է Աբխազիայի գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ։
«Ինտերֆաքսի» տեղեկություններով` Պապավան և Բուտբան ինչպես Աբխազիայի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիություն ունեն։