Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերը նախօրեին ժամանել են Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ բարձրաստիճան զինվորականներն այստեղ հանդիպել են Քրդական ինքնավարության վարչապետ Մասրուր Բարզանիի, նախագահ Նեչիրվան Բարզանիի և նախկին նախագահ, իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ինքնավարության հիմնադիր Մասուդ Բարզանիի հետ։
«Քննարկել ենք Իրաքի, Քրդական տարածաշրջանի և Թուրքիայի միջև համագործակցության հարցերը», - Twitter-ում գրել է Մասուդ Բարզանին։
«Մենք հաջողությամբ պայքարել ենք «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։ Այժմ մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր համագործակցությունը՝ միասնաբար պայքարելով Քրդական բանվորական կուսակցություն (PKK) ահաբեկչական կազմակերպության դեմ», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։