Մատչելիության հղումներ

Մեր ձախողումների պատճառը ոչ արդյունավետ կառավարումն է, շեշտում է Սեյրան Օհանյանը


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դատարանում, 19-ը հունվարի, 2020թ.

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստն այսօր կայացավ: Սեպտեմբերի 27-ից ի վեր այս դատական նիստերը հետաձգվում էին տարբեր պատճառներով: Այս պահին նիստն ընթանում է, քննարկվում է փաստաբանների բացակայության հարցը:

Նրանք պատերազմի ավարտից հետո դատական մեկ նիստի չէին ներկայացել և ինչպես հայտարարել էին, մասնակցում էին ընդդիմության հայտարարած գործադուլին, որի ժամանակ պահանջում էին կառավարության հրաժարականը:

Նիստի մեկնարկից առաջ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, «Ազատության» հետ զրույցում խոսեց պատերազմի ընթացքից և արդյունքներից. «Մեր ձախողումների պատճառը ոչ արդյունավետ կառավարումն է` և քաղաքական, և պետական, նաև ռազմաքաղաքական ու ռազմական մակարդակներում: Եթե խոսքը գնում է հենց ընդհանուր երկրի ղեկավարման` գլխավորի հրամանատարի, խնդիրը կայանում է նրանում, իհարկե եթե այլ փորձառու մարդ լիներ, ճիշտ կղեկավարեր, այսինքն` Ազգային ժողովը և խմբակցությունը պետք է օգտագործվեր պետությունը մոբիլիզացնելու, համախմբելու, ուղղելու հայրենական պատերազմի: Հակառակորդն ինքն է սանձազերծել պատերազմը, ինքն է հարձակվել մեզ վրա և իր այդ գործողությունների անունը դրել է հայրենական պատերազմ, բայց մենք չկարողացանք մոբիլիզացնել և ժողովրդի ամբողջ կամքը, ամբողջ ուժն ուղղել այդ գործողություններին»:

«Ազատության» հարցին` արյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մեղադրում տեղի ունեցածի մեջ, և արդոք վարչապետը դավաճանական գործողություններ է արել, Օհանյանը պատասխանեց. «Ես չէի ուզենա, որ այդ հարցը որակվեր որպես դավաճանություն, ժողովուրդը, իրավապահ մարմինները, Ազգային ժողովը դա թող որոշեն»:

Դատական նիստի ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ բակ, որտեղ հավաքված էին նրա աջակիցները, շատ կարճ զրույց ունեցավ նրանց հետ` ըստ էության ասելով, որ դատական նիստը կարող է երկարաձգվել, և ճիշտ կլինի, որ նրանք այս ցուրտ եղանակին չմնան դրսում: Երկրորդ նախագահը որևէ հարցի չպատասխանեց: Նրա որդին` Լևոն Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում քննադատեց իշխանություներին պարտության համար. «Այն սխալ քաղաքականությունը, որ վարել են` արտաքին, ներքին, թեկուզ այս դատավարությունը, այս ամեն ինչն այդ ամեն ինչի մի մասն էր, այսինքն` այս վատ, խայտառակ արդյունքը, որ ունեցանք, դրա ամեն մի բանը մի քայլ էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG