Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը չի զղջում քաղաքացիներին վիրավորելու համար, իսկ Վանեցյանը նրա փոխարեն ներողություն է խնդրում


Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ, 15-ը հունվարի, 2021թ.

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չի զղջում երեկ իր առաջ փողոց փակած շիրակցիներին «բոմժ» անվանելու համար, ավելին՝ այսօր էլ Վանաձորում հայտարարեց՝ այդ մարդիկ խայտառակում են գյումրեցու անունը։

«Ես ինքս կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է, և իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որ փողոցում մոտենում խոսում էին: Դա կազմակերպված էր, ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել, ոնց են կազմակերպել», - նշեց Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանն իր խոսքում այս անգամ շիրակցիներին վերաբերող նոր որակում օգտագործեց՝ «տականքներ», ներկայացրեց, թե արտահայտության հեղինակն առավոտյան իրեն հանդիպած քաղաքացիներից մեկն է. «Մեր բակում մեկը կա, որ անօթևան է, շիշ է հավաքում, այսինքն վիրավորական իմաստով չէ, բոմժ այդպիսի մարդկանց են ասում, ասաց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչո՞ւ եք վիրավորել, այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»:

«Ազատության» հարցին՝ ամեն դեպքում չի՞ զղջում, Մանուկյանը պատասխանեց. «Ոչ, այդ մարդիկ արժանի էին դրան»:

«Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, մինչդեռ, գործընկերոջ փոխարեն ներողություն է խնդրում քաղաքացիներից։ ԱԱԾ նախկին տնօրենը կարծում է, թե նման արտահայտության պատճառը Մանուկյանի հույզերն են։

«Ես համարում եմ, որ հայ ազգի մեջ չկան բոմժեր, հայ ազգը շատ լավ ազգ է, մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է: Կան ուղղակի մոլորվածներ, որոնք չեն հասկանում իրականությունը, և մենք ամեն ինչ կանենք, որ այդ իրականությունն իրենց տեղ հասցնենք», - ասաց Վանեցյանը:

Վարչապետի հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերը միավորող «Հայրենիքի փրկության շարժումը» երեկվանից սկսել է մարզային այցերը։ Դրանք մեկնարկեցին Գյումրիից։ Ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն քաղաքացիներին «բոմժ» անվանելով, հայտարարել էր նաև, թե ճանապարհը փակողներին գումար է տվել «Իմ քայլը»։ Իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն անհեթեթ է համարում Մանուկյանի մեղադրանքն ու դատապարտելի համարում նրա վիրավորական ձևակերպումն ուղղված քաղաքացիներին։

«Պետք է շեշտեմ, որ 17 ուժերին բնորոշ բառապաշար է և ամեն ինչ շատ ներդաշնակ է, ինչպես տիկին Զոհրաբյանն էր արտահայտվում, այդպես էլ պարոն Մանուկյանն է արտահայտվում և այստեղ ամեն ինչ օրինաչափ է: Ավելացնելու ոչինչ չունեմ, պարզապես կոչ կանեմ, որպեսզի զուսպ լինեն և ժողովրդի, քաղաքացիների նկատմամբ նման բառապաշար չօգտագործեն», - նշեց պատգամավորը:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ոչ միայն անընդունելի է համարում քաղաքական գործիչների կողմից քաղաքացիների թիրախավորումը, այլևս ասում է՝ այդ պահվածքը փաստում է՝ ընդդիմադիրները ամենևին ժողովրդի միջոցով իշխանության գալու նպատակ չունեն։

«Այդ խմբերի պատկերացումները հակասահմանադրական են: Սահմանադրության հիմնական հենքն այն է, որ ժողովուրդն է իշխանություն ձևավորողը, և քանի որ նրանք իրենց հենակետը չեն տեսնում ժողովրդին, այլ տեսնում են տարբեր այլ մեթոդներ՝ պալատական հեղաշրջում, արտաքին ուժերի ազդեցություն կամ, օրինակ, ռազմաքաղաքական իշխանության մեջ երկպառակություն և այլն, այդ պատճառով էլ հանգիստ խղճով պիտակավորում և թիրախավորում են ժողովրդին», - ասաց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ հենց այդ պահվածքն է պատճառը, որ ընդդիմադիրների սկսած շարժումը չարժանացավ ժողովրդական աջակցության։ Միևնույն ժամանակ նկատում է՝ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու գործընթացը ներկայիս իշխանություններն են սկսել։

«Տարբեր խմբերի պիտակավորելիս ասվեց «անգրագետ Պողոս», այսպիսի արտահայտություն արվեց հենց իշխանություն կրողների կողմից, կամ ասացին, որ «աղքատությունը գլխներում է», երբ իրենք ստացել էին մանդատ, որպեսզի հաղթահարեին երկրում այդ ճգնաժամային իրավիճակը և կեղեքված ժողովրդին աղքատությունից դուրս հանեն», - ընդգծեց իրավապաշտպանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի վիրավորական ձևակերպումը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն է դատապարտել։ Օմբուդսմեն Արման Թաթոյանը գրել է, որ անթույլատրելի է, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական արտահայտություններ:

«Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հասարակության մի մասին «ժեխ», «տգետ» անվանելու համար իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Մարդու իրավունքների հարցով զբաղվող հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Պատգամավորն այդ նախաձեռնությունը քաղաքական հետապնդում էր անվանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG