Մատչելիության հղումներ

Մլքեյանը համոզված է, որ արվեստը լրջագույն դեր կարող է խաղալ հանրության բարոյահոգեբանական հավասարակշռությունը վերականգնելու համար


Հայաստանի պետական կամերային երգչախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Ռոբերտ Մլքեյան
Հայաստանի պետական կամերային երգչախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Ռոբերտ Մլքեյան

Մեր լավագույն երգչախմբերից մեկը՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբը մշտապես հանդես է եկել բարձրամակարդակ համերգներով՝ մեր երաժշտասերներին ներկայացնելով հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ այս տարի համավարակի հետ կապված սահմանափակումների որոշ մեղմացումից հետո կկարողանան առավել արդյունավետ գործունեություն ծավալել:

«Նախարարի հետ կամ որևէ մեկի հետ չեմ ունեցել էդպիսի խոսակցություն, բայց իմացել եմ, որ ուզում են համերգասրահները օգտագործեն։ Դա կլինի երևի մեր փրկություններից մեկը, որովհետև էսօր մեր միակ փրկությունը աշխատանքի մեջ է։ Մնացած հարցերում ոչ մի լավ բան չեմ կարող ասել, որովհետև հոգուս խորքում շատ անհարմար եմ զգում այսօրվա մեր վիճակի համար», - ասաց Մլքեյանը։

Այս տարի ևս երգչախումբը բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք կսկսի իրագործել փետրվարի 25-ից մինչև աշուն․ - «Սկզբնական համերգը կարող է լինի մեր զինվորների հիշատակին վերաբերվող վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություն։ Հավանաբար կլինի Հայդնի «Մեսսայից» և Մոցարտից որևէ հոգևոր ստեղծագործություն կամերային նվագախմբի և երգչախմբի հետ։ Դրանից հետո ունենք Տիգրան Մանսուրյանի հետ պայմանավորվածություն, որ պետք է մի հատ հետաքրքիր հեղինակային համերգ անենք, բոլոր ստեղծագործությունները բացարձակ նոր են հնչելու, նոր են գրվել և նպատակ ունեին նաև գրվել մեր երգչախմբի համար։ Տիգրան Մանսուրյանից բացի, ունենք նաև հեղինակային համերգ Ռոբերտ Ամիրխանյանի հետ, որովհետև ինքն էլ նույն էս երգչախմբի հետ կապված ունի համերգ անելու նկատառումներ։ Գարնան վերջ, ինչպես միշտ, մենք ունենք նաև ծրագրում Կոմիտաս, որ ամեն տարի պետք է հիշվի իրեն, և պետք է արվի առաձին համերգ։ Դա անպայման։ Ապրիլի 23-ին հավանաբար կնշանակենք համերգ Ապրիլի 24-ի հետ կապված։ Մեկ էլ ունեմ որոշակի ծրագրեր՝ լրիվ նոր ստեղծագործություններ, որոնք պարտադիր լինեն հայկական։ Արևմտաեվրոպական և ժամանակակից կոմպոզիտորների համերգներ։ Այն, ինչ որ մտածել ենք, բավական մեծ է քանակությամբ, բայց մենք միշտ գալիս էին մի դատարկ տաշտակի դիմաց, որ ասում էին համերգային դահլիճները հնարավոր է օգտագործել, իրականության մեջ էդքան էլ շատ հնարավոր չէր»։

Ռոբերտ Մլքեյանի համոզմամբ, այսօր արվեստն ու մշակույթը լրջագույն դեր կարող են խաղալ հանրության բարոյահոգեբանական հավասարակշությունը վերականգնելու համար․ - «Կփրկի երաժշտությունը։ Այո։ Ճիշտը որ ասեմ, մեր ապրելը, ինձ թվում է, հազիվ է գալիս։ Ես չգիտեմ հետո ինչ տրամադրություններ կգան, բայց այս պահի դրությամբ, ոնց որ փրկության օազիս է մեր արվեստը։ Թե չէ ինչ-որ մեծ հույսեր, թե լավ է լինելու, չգիտեմ ինչ է լինելու, կասկածում եմ․․․ Այսօր փրկությունը նրա մեջ է, որ մենք ի վերջո նորից վերադառնալու ենք երաժշտությանը, վերադառնալու ենք մանավանդ հայ արվեստին, որովհետև ի՞նչ մեղք ունեն մեր արվեստագետները, որ էս վիճակում են ապրում, էս երկրում»։

Մլքեյանը ձևակերպմամբ՝ «անհայտ հարց է» հանդիսատեսին դահլիճ բերելու հարցը․ - «Ինձ թվում է, ոչ մեկն իրավունք չունի հստակ ասելու, որ կբերենք։ Բայց մենք ունենք էնպիսի հեղինակներ, Մանսուրյանի կամ Ամիրխանյանի նման հեղինակներ, և դասական արվեստի լավագույն նմուշները, որ ես արդեն նշեցի, պետք է որ ժողովուրդ կարոտած լինի էդպիսի բաների և գա։ Այսօր մենք ազգովի մտածում ենք դեռ գերի բերելու, մահացած մարդկանց դիակ բերելու մասին ավելի շատ, ժողովրդի ամբողջ հոգսը ուրիշ բաների մեջ է։ Էդ ժողովրդին ստիպել, որ գա լսի թեկուզ աշխարհի լավագույն ստեղծագործություններից բաղկացած համերգ, մի քիչ բարդ է։ Բայց գոնե միակ հույսը, որ ինչ-որ ձևի կյանքը մեր մոտ շարունակվում է, մնում է լուրջ արվեստը»։

XS
SM
MD
LG