Մատչելիության հղումներ

ԱԺ-ում քննարկվում է զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին նախագիծը


Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյան
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյան

Օրենսդրական փաթեթեն այսօր քննարկվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Օրենսդրական փաթեթի հեղինակներից Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներկայացմամբ՝ փոփոխություններով ցանկանում են հիմնարար լուծում տալ զինծառայությունից խուսափած քաղաքացիների խնդրին․ - «Հիմքում նա էր, որ այս խնդիրը ստանա էնպիսի լուծում, որ բանակը դրանից իր կարողությունները ավելացնի, նաև լուծվի Հայաստան վերադառնալու խնդիրը, նաև հնարավորություն տրվի Հայաստան վերադարձողներ համար ոչ միայն քրեական հետապնդումից ազատվեն, այլ նրանք նաև լիարժեք մասնակցություն ունենան մեր երկրի խնդիրներին, ընդհուպ երկրի կառավարմանը մասնակից լինելուն»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, տևական քննարկումների արդյունքում է նախագիծը մշակվել և շրջանառության մեջ պետք է դրվեր մինչև պատերազմը, սակայն հետաձգվեց այդ պատճառով։

Նախագիծն առաջարկում է մոտ 5,5 միլիոն դրամի կամ շուրջ 10 հազար դոլարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատել զինվորական ծառայությունից խուսափած ու հետախուզման մեջ գտնվող, 27 տարին լրացած քաղաքացիներին։ Սահմանված գումարը պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով է։ Նախագիծը նաև այլընտրանքի հնարավորություն է տալիս։

«Խուսափած անձը, որը գալիս է և համաձայնվում է, որ քրեական հետապնդումից իրեն ազատվի, ինքը կարող է ունենալ ծառայության անցնելու տարբերակ։ Այսինքն՝ այսօր պայմանագրային զորամասերում ծառայության չափաբաժնով, որը արձակուրդներով, բանով գալիս էր երեք տարի», - պարզաբանեց Քոչարյանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը օրենդրական փաթեթում մի քանի փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում․ - «Ես հասկանում եմ սկզբունքը, որ տղա ջան, եթե դու չես ծառայել, քո տեղը մենք ստիպված ենք եղել ծառայության վերցնել վճարովի հիմունքներով մարդկանց, հիմա դու վճարի այդ գումարը։ Բայց այստեղ մի քիչ անորոշություն է մնում։ Լավ կլիներ, որպեսզի քաղաքացիներին հստակ տրվեր, թե ինչ գումարի մասին է խոսքը։ Որովհետև մի օր կարող է փոխվել էդ գումարը, ավելանալ՝ գումարած հավելավճարները, որ ինչ-որ անհասկանալի մեծություն է։ Կամ գոնե էս հավելավճարները հանենք, որպեսզի հաշվարկելի և կանխատեսելի լինի գումարը»։

Իշխող ուժից պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի ու ոչ մի խմբակցությունում չընդգրկված Արման Բաբաջանյանի համահեղինակմամբ մշակված օրենսդրական փաթեթով նաև խստացվում է զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների համար նախատեսվող պատժաչափը․ նոր առաջարկով այն ծանր հանցագործություն կդիտվի։ Բանակից խուսափածներին առավելագույնը 6 տարի ազատազրկում է նախատեսվում։ Գործող օրենքով պատժաչափը 3 տարի է։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կարծում է, որ օրենսդրական փոփոխությունը կխրախուսի դասալքությունը։

Մինչդեռ իշխող ուժի մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը, հակառակ կարծիքն ունի․ - «Երբ որ դառնում է ծանր հանցագործություն, նրանք փախնելու տեղ չունեն։ Առաջին իսկ ռեգիստրացիայի, հաշվառման, առաջին իսկ երևալու դեպքում ցանկացած երկրում, իսկ այսօր էլեկտրոնային վիճակը թույլ է տալիս, որ ցանկացած դեպքում անձը հայտնաբերվում է, անձի որոնելիության խնդիր չկա այս իրավիճակում, անձին պատասխանատվության կանչելու մեխանիզմը շատ է հեշտանում»։

Իսկ գործող կարգավորումներով շատ դեպքերում անհնար է դառնում պատասխանատվության ենթարկել բանակից խուսափած, հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին, նկատում է նախին ոստիկանապետ, այժմ արդեն Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը․ - «Ուղղակի հետախուզումը նախաձեռնողը իրազեկվել է էսինչ մարդկանց բնակության վայրի և հայտնաբերման մասին։ Ուրիշ հետևանք իրենց համար չի առաջացվել»։

Փոխնախարարն հայտնեց, որ երբ ինքը ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում, բանակից խուսափած առնվազն 10 հազար քաղաքացի էր հետախուզվում։

Իշխող ուժի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, իրենց առաջարկները կանխարգելիչ բնույթ են ունենալու․ - «Որովհետև տղա երեխա ունեցողներից շատ-շատերի մտքով անցնում է ինչպիսի սողանցքեր գտնեն հետագա ռիսկերից փախցնելու։ Դրանից տուժում է պետությունը, դրանից տուժում է մեր երկրի անվտանգությունը։ Եվ նման կարգավորումները միտված պետք է լինեն նման դրսևորումները կանխելու համար»։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հարցը հետաձգվեց: Անդրանիկ Քոչարյանը բացատրեց, որ նախագիծը դեռ որոշակի լրամշակումների կարիք ունի։

Անցած տարիներին զինծառայություն չանցած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տրվում էր մի օրենքով, որը ուժի մեջ էր մտել 2004 թվականին ու պարբերաբար երկարաձգվել էր ։ Վերջին անգամ դրա գործողության ժամկետը երկարաձգվեց 2019 թվականի մարտին՝ մինչև 2020-ի հունվարի 1-ը։ Մոտ մեկ տարվա ընթացքում, ըստ Պաշտպանության նախարարության, 955 քաղաքացի էր ազատվել քրեական պատասխանատվությունից՝ վճարելով համապատասխան գումարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG