Մատչելիության հղումներ

Հանդիպումներ զինդատախազությունում՝ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ


Լուսանկարը՝ դատախազության
Լուսանկարը՝ դատախազության

Պատերազմին և դրա աղետալի հետևանքներին հանգեցրած հանգամանքները, դրանց վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված տեղեկություններն ու տվյալները ստուգվում են հարուցված բազմաթիվ քրեական գործերով, հայտարարել է զինվորական դատախազ Վահե Հարությունյանը՝ դեկտեմբերի 13-ին զինվորական դատախազության առջև հավաքված զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Դատախազության այսօրվա հաղորդագրության, առավել առարկայական քննարկում ունենալու, քաղաքացիների հուզող հարցերը, պահանջներն ու առաջարկությունները հստակ արձանագրելու նպատակով զինվորական դատախազը հավաքված քաղաքացիներին առաջարկել է ընդունելության կազմակերպում դատախազությունում, որը կայացել է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին:

Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների շուրջ մեկ տասնյակ ծնողներին և հարազատներին ընդունել է զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը, Երևանի կայազորի զինվորական դատախազը, այլ դատախազներ:

Քաղաքացիները ներկայացրել են ռազմական գործողությունների տարբեր ուղղություններում Պաշտպանության բանակի առանձին ստորաբաժանումների, հրամանատարական կազմի գործողությունների, պատերազմի ընթացքում զորքերի կառավարման, սպառազինության և զինամթերքի մատակարարման՝ իրենց գնահատմամբ պարզման ենթակա կոնկրետ իրավիճակներ և հանգամանքներ, կիսվել իրենց մտահոգություններով՝ կապված զոհված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացի տևականության, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների բարդությունների վերաբերյալ:

Տիգրան Ամբարյանը վստահեցրել է, որ բարձրացված հարցերի մեծամասնությունն արդեն իսկ գտնվում է քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազների ուշադրության կենտրոնում, իսկ լրացուցիչ տվյալները, որոնք ներկայացվել են՝ պետք է դառնան դետալային քննության առարկա:

Միաժամանակ ծնողներին տեղեկացվել է, որ բարձրացված բոլոր հարցերով քննության առարկան ենթադրում է լայնածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների կատարում, ինչի համատեքստում ստացված ու իրենց վերաբերելի տվյալները անպայման հասանելի են դառնալու: Միաժամանակ, Տիգրան Ամբարյանը հորդորել է համագործակցել վարույթն իրականացնող մարմինների հետ՝ իրենց հայտնի ամբողջական տեղեկություններն ու նյութերը նրանց տրամադրելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG