Մատչելիության հղումներ

«Ադրբեջան 2020» նամականիշը արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է, ահազանգում է Հայաստանի օմբուդսմենը


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախում հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով: Մասնավորապես, Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է «Ադրբեջան 2020» փոստային նամականիշներ, որոնցից մեկը արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է։ Այդ մասին այսօր Ֆեյսբուքում գրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ»: Այս նամականիշը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այն պնդումները, որ Ադրբեջանը վարում է հայերի ցեղասպանության քաղաքականություն ու դա անում է հենց էթնիկ պատկանելիության հիմքով, միայն այն պատճառով, որ Արցախում ապրող մարդիկ հայ են», - ընդգծում է օմբուդսմենը՝ շարունակելով․ - «Պետական մակարդակով իրականացվող հայատյացության քարոզչությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ։ Հենց այդ թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, որոնք կատարել են պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները էթնիկ հայերի նկատմամբ»։

«Հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում հատկապես ունենալով երեխաների:

Հենց այս ամենն է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության սահմանների որոշման գործընթացի ժամանակ՝ երաշխավորելու համար հայերի կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքները», - եզրափակում է Արման Թաթոյանը։

XS
SM
MD
LG