Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում ԱԺ ղեկավարությանը ուշադրություն դարձնել պատգամավորների և լրագրողների միջև խնդիրներին


Լրագրողական կազմակերպություններն իրենց վրդովմունքն ենք հայտնում վերջերս հաճախակի դարձած՝ պաշտոնյաների և լրագրողների միջև ընդհարումների, ոչ քաղաքակիրթ շփման ձևերի առիթով։ Տարածած հայտարարությամբ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպությունները անդրադառնում են երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ։

«Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է Սյուզի Բադոյանին, նրա ձեռքից խլել բարձրախոսը և մտել աշխատասենյակ։ Միայն համառ պահանջներից հետո բարձրախոսը վերադարձվել է», - ասված է հայտարարության մեջ։

Ըստ լրագրողական կազմակերպությունների` այս խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով չլուծեց մշտապես գործող՝ պատգամավորների էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը։ Նրանք կոչ են անում․

- ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ, ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը,

- Պատգամավորներին՝ խստորեն պահպանել ԱԺ կանոնակարգով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով ամրագրված էթիկական նորմերը, զերծ մնալ անբովանդակ վիճաբանություններից, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից,

- Խորհրդարանական լրագրողներին՝ հավատարիմ մնալ օրենքի և մասնագիտական էթիկայի նորմերին, խուսափել ոչ բարեկիրթ շփումներից և դրսևորել լրագրողի մասնագիտությանը հարիր կեցվածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG