Մատչելիության հղումներ

Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով. արտգործնախարար


Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետվերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը։

Այվազյանը նշել է, որ հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող. «Արցախի Պաշտպանության բանակը և Արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները։ Մենք ամբողջովին կիսում ենք այս հայտարարություններում առկա գնահատականը, և որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով»։

Այդ խախտումները, ըստ արտգործնախարարի, վերաբերում են նախևառաջ հայտարարության 1-ին և 8-րդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը և վերադարձնեն ռազմագերիներին և ձերբակալված անձանց։

«Որոշ դեպքերում այս խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ արդբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևաքով գերեվարվեց 64 զինծառայող։ Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները», - հավելել է նա։

Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, ասել է Արա Այվազյանը, նշելով, որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, «այլ ոչ թե պատանդառությունը և հայատյացության քաղաքականության շարունակումը»։

Այվազյանի խոսքով, Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները։

«Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետվերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ։ Հայաստանը, մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը, հստակորեն մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային պոտենցիալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ։ Սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն», - ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայաստան արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է. «Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»:

Արա Այնվազյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից:

«Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը», - նշել է արտգործնախարարը:

«Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Մինչ այժմ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը, որը թույլ չի տալիս միջազգային մասնագիտական կառույցներին, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մուտք գործել տարածաշրջան, ինչի վերաբերյալ այդ կազմակերպությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ։

Հայ ժողովրդի պատմության և արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի ներկա իրավունքների ոտնահարումը չեն կարող ստեղծել լավ ապագա մեր տարածաշրջանի համար։ Այս տեսակետից մշակութային ժառանգության կրոնական սրբավայրերի պահպանությունը կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում հաշտության համար», - հավելել է Արա Այվազյանը։

Արտգործնախարարը նշել է, որ ներկա առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը և դրանում մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ուղղակի ներգրավվածությունը:

Այս փուլում, ըստ նրա, Հայաստանի և Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի. «Ես վերջերս այցելեցի Արցախ և քննարկումներ ունեցա Արցախի ղեկավարության հետ մեր ընդհանուր համահայկական օրակարգի շուրջ: Կարծում եմ, որ խորհրդարանական մակարդակում նույնպես պետք է առավել սերտորեն համադրել և համակարգել մեր աշխատանքն Արցախի հետ, այդ թվում՝ միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում հայ ժողովրդի ձայնն առավել լսելի դարձնելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG