Մատչելիության հղումներ

Գավառի թատրոնի շենքը հիմնանորոգվեց, բայց որոշ խնդիրներ դեռ լուծման կարիք ունեն


Գավառի պետական դրամատիկական թատրոնի դահլիճը հիմնանորոգումից հետո։
Գավառի պետական դրամատիկական թատրոնի դահլիճը հիմնանորոգումից հետո։

Արդեն երրորդ տարին է Լևոն Քալանթարի անվան Գավառի պետական դրամատիկական թատրոնը գործում է հիմնանորոգված շենքում, որը, թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանի խոսքով,  2018-ից սկսած հանդիսատեսին դիմավորում է թատերական աշխարհին համապատասխան մթնոլորտում:

Մինչև այդ, հիշեցնենք, տարիներ շարունակ թատերախումբը տարբեր հաստատություններում էր բեմադրություններ իրականացնում, բայց ահա թատրոնի շենքի հիմնանորոգումից հետո ոչ միայն պրեմիերաներով ու խաղացանկային բազմաթիվ ներկայացումներվ էին դիմավորում հանդիսատեսին, այլև 2019 թվականին անգամ կազմակերպեցին «Թատերական Գավառ» փառատոնը, որին մասնակցում էին նաև մայրաքաղաքից ժամանած թատերախմբեր:

2020 թվականին պատկերը, բոլորիս հասկանալի պատճառներով, բոլորովին այլ էր: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը, ամռանը հանդես են եկել մի քանի բացօթյա ներկայացումներով, աշնանը արցախցի փոքրիկների համար են մանկական ներկայացումներ բեմադրել, տարեվերջին էլ ամանորյա բեմադրությամբ են ներկայացել փոքրիկներին՝ այդպիսով ամփոփելով այդ ծանր ու բարդ տարին:

Արդեն հունվարի վերջին թատերախումբը հանդես կգա պրեմիերայով: Բայց անգամ հիմնանորոգումից հետո թատրոնի շենքի հետ կապված լուրջ խնդիր ունեն:

«Կարատինը երեկ լսեցինք, որ հանեցին հանրային միջոցառումների։ Նույն մեր թափով սկսելու ենք աշխատել։ Ֆինանսապես շատ նեղվեցինք, շատ ազդեց, քանի որ գազի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի բոլոր վճարումները մեր վրա է։ Այսինքն՝ աշխատանքի հաշվին ենք մենք վճարում գազը, լույսը։ Էդ հարցով մեզ չեն օգնում։ Ես բազմաթիվ անգամ դիմել եմ արդեն երեք տարի կլինի․․․ Էն ժամանակ, հիշո՞ւմ եք, շենքը որ բացեցինք, բացումից հետո անընդհատ դիմել եմ, որ ֆինանսավորումը ավելացնեն, որպեսզի մենք կարողանանք շենքը ջեռուցենք, 2500 քառակուսի մետր տարածք։ Շենքը տվել են, բայց հաշվի չեն առել, որ էս շենքը ջեռուցվելու է երկու հսկայական գազի կաթսաներով։ Որպեսզի մենք ստեղծագործական առաջընթաց ունենանք՝ նոր ներկայացումներ, նոր բեմադրություններ, ֆինանսը տրամադրենք դրան, բայց ստիպված, որպեսզի շենքը չփչացնենք, էդ գումարը ծախսում ենք գազի վրա, էլեկտրաէներգիայի վրա․․․ շենքի պահպանության գումար չունենք։ Շատ մեծ խնդիր է դա մեր թատրոնի համար», - նշեց թատրոնի տնօրենը։

Նա հավելեց, որ հանդիսատեսի խնդիր չեն ունեցել․ - «Ոչ։ Շատ լավ էր այդ աբոնեմենտային համակարգից որ օգտվեցինք։ Համարյա լեփ-լեցուն դահլիճներ էր»։

Անդրադառնալով թատրոնի այլ խնդիրներին՝ Հայկ Ղափանցյանն ասաց․ - «Մեր թատրոնը չունի դերձակ, չունենք հսկիչներ, որ թատրոնին անհրաժեշտ է։ Դերասանական հաստիքները քիչ են, 13 հատ։ Դա էլ ենք ներկայացրել։ Էն ժամանակվանից ամեն տարի մերժվում է։ Թատրոնը մարզպետարանի ենթակայության տակ է, բայց ֆինանսավորումը պետք է անի, իմ կարծիքով, Ֆինանսների նախարարությունը՝ կառավարության որոշմամբ։ Մեզ համար առաջնային է, որ ֆինանսավորումը շատացնեն․․․ մեր դերասանները էսքան խաղում են, մարդուն բա չկարենա՞ս մի հատ պրեմիա տաս, որ ոգևորվի էդ մարդը։ Չէ՞ որ դերասանն է պահում թատրոնը։ Էս մարդիկ աշխատում են, մենք գազի, լույսի հազիվ հասցնում ենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG