Մատչելիության հղումներ

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարները հանդիպում են Իսլամաբադում


Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլու և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Այսօր Իսլամաբադում տեղի է ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։

Այս ձևաչափով երեք երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները երկրորդ անգամ են հանդիպում։ Առաջին նման հանդիպումը 2017 թվականի նոյեմբերին Բաքվում էր։

2020-ի հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ըստ հայկական կողմի տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններում թուրքական հատուկ ստորաբաժանումներից բացի ներգրավված են նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայիններ։ Պակիստանի արտգործնախարարությունը, սակայն, Հայաստանի վարչապետի այս հայտարարությունն «անհիմն» էր որակել։

Մինչդեռ, Պակիստանում Թուրքիայի դեսպան Իհսան Մուսթաֆա Երդակուլը, խոսելով այսօր կայանալիք եռակողմ հանդիպման մասին, նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին «Ղարաբաղյան ճգնաժամի ընթացքում Ադրբեջանին աջակցող դիրքորոշման համար»։

Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թաիրովը Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարին իր գոհունակությունն է հայտնել ադրբեջանցի ռազմական օդաչուների՝ Պակիստանում ստացած կրթության վերաբերյալ։ Այս մասին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսել է հունվարի 11-ին՝ Բաքվում ընդունելով պակիստանցի զինվորական գործչին։ Մուջահիդ Անվար Խանը Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպել է նաև այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության՝ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների համագործակցությունը զինվորական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում։ Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ երկու երկրների համագործակցությունը կնպաստի ադրբեջանական և պակիստանյան բանակների ռազմական ներուժի հզորացմանը։ Քննարկվել է նաև ռազմական օդուժի համատեղ զորավարժությունների անցկացումը։

Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր կայանալիք հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակելու համաշխարհային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանն առնչվող «նորահայտ հարցերը»՝ առանց մանրամասնելու, թե ինչ հարցերի մասին է խոսքը։

Հայաստանի Հանրապետությունը չճանաչող աշխարհի միակ երկիրը՝ Պակիստանը, տնտեսական, քաղաքական և մշակութային ամուր կապեր ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Ադրբեջանը և Պակիստանը միմյանց համարում են ռազմավարական դաշնակիցներ և հատկապես վերջին տարիներին մի շարք խոշոր համատեղ ծրագրեր են իրականացնում ռազմական ոլորտում։

XS
SM
MD
LG