Մատչելիության հղումներ

Տեղահանված ընտանիքները Արցախում կապահովվեն բնակելի տներով


Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան
Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան

Արցախի կառավարությունը պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին առաջարկում է վերադառնալ ու բնակվել Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների գյուղական համայնքներում։

Կառավարությունը խոստանում է վերադարձողներին տրամադրել կահավորված տներ, անհրաժեշտության դեպքում նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն կընձեռի։

Հարցին, թե արդյոք առաջնահերթությունը տրվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի բնակիչներին, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը պատասխանեց․ - «Արցախի բնակչության մոտ 60 տոկոսը ապրել է Ստեփանակերտից դուրս։ Նրանցից մոտավորապես 20-30 տոկոսն էլ հենց տեղահանված բնակիչներն են, այդ տարածքները չեն գտնվում մեր վերահսկողության տակ։ Հետևաբար այս առաջարկը ուղղված է մասնավորապես նրանց, ովքեր նաև այս շրջաններում տներ չունեն, չեն ունեցել։ Մենք պատրաստ ենք կահավորենք, վերանորոգենք, կենցաղային տեխնիկայով ապահովենք»։

Սա տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլն է։ Տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսներին։

Ադրբեջանի տիրապետության տակ անցած Քաշաթաղում տուն թողած Աննա Միխայելովան, վարձով է բնակվում Վայոց ձորի մարզի գյուղերից մեկում։ Պատերազմի օրերին ամուսինն առաջնագծում կռվել է, ինքը 14-ամյա որդու հետ մի կերպ դուրս է եկել Քաշաթաղից։ Տանը, որտեղ հիմա ապրում են, տարրական կենցաղային պայմաններ չկան։ Տիկին Աննան ասում է՝ հայրենի բնակավայրից դուրս չի կարողանում ապրել, բայց դիմել Արցախի կառավարության առաջարկած այս ծրագրին չի պատրաստվում․ վախենում է, ասում է՝ նախ ֆիզիկական անվտանգության խնդիր է տեսնում․ - «Համաձայն չենք։ Միայն պատճառը այն է, որ վախենում եմ։ Ես վախենում եմ․․․ որովհետև ես էդ պատերազմի պահերը, ապրումները տեսել եմ։ Իմ աչքերով եմ տեսել։ Ես իմ տղուն հազիվ եմ փրկել-բերել»։

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հայտարարությանը շատերն էին այսպես արձագանքել, որ նախ անվտանգության երաշխիք են ուզում, հետո գումար, որ իրենք որոշեն, թե որտեղ կապրեն։ Նախարար Թանդիլյանը հասկանում է նրանց մտահոգությունը, բայց նշում է, որ կառավարությունը ոչ ոքի չի պարտադրում, իսկ անվտանգության ապահովման հարցը իշխանության օրակարգի թիվ մեկ խնդիրն է․ - «Եթե քաղաքացին նպատակահարմար չի գտնում, դա իր որոշումն է։ Այնտեղ ապրում են տարբեր տեղերից․․․ Երեկ գնացել եմ, Մարտունի եմ այցելել, ապրում են մարդիկ։ Իհարկե, ադրբեջանական զինվորների առկայությունը․․․ ավելի մոտ է այսօր սահմանը։ Դա նորություն չեմ ասում։ Եվ այս պայմաններում, միևնույն է, մենք Արցախը շենացնելու ենք, ապրեցնելու ենք։ Եթե մենք ունենք նման որոշում։ Հիմա մեր քաղաքացիները որքանո՞վ են իրենց տեսնում այս համատեքստում ապրել Արցախում։ Բնականաբար, անվտանգության հարցերը ամեն րոպե ուշադրության կենտրոնում են»։

35-ամյա Անի Կապլանյանը Արցախի նախարարություններից մեկի Շուշիի գրասենյակում է աշխատել, ամուսինը դերասան է։ Երկու անչափահաս երեխաների հետ այժմ ապրում են Արարատի մարզի գյուղերից մեկում։ Անին ամեն օր Արարատի մարզից Երևան աշխատանքի է գալիս, նա Արցախի տեղեկատվական շտաբի զանգերի կենտրոնի համակարգողն է։ Ասում է, որ իր ընտանիքի համար գյուղական համայնքում դժվար կլինի ապրելը, իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն կարող գտնել, բայց քանի որ գրեթե ամեն օր ինֆորմացիոն աջակցություն է տրամադրում նաև տեղահանված արցախցիներին, վստահ է, որ վերադառնալ ցանկացողները քիչ չեն լինի․ - «Չէ որ 90-ական թվականներին էլ նման պայմաններ էին առաջարկում։ Անգամ ոչ արցախցի, այլ Հայաստանի բնակիրներին նման պայմաններով առաջարկեցին և այդկերպ բավականին վերաբնակեցվեցին ազատագրված տարածքները։ Վստահ եմ, հիմա էլ կլինեն»։

Վարորդ ամուսնու, ապագա ծրագրավորող որդու և ուսուցչուհի դստեր հետ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում է բնակվել 30 տարվա մանկավարժ Արինա Չաքմազյանը։ Հիմա ընտանիքով ապրում են Էջմիածնում, քահանաների համար նախատեսված կացարաններից մեկում։ Կյանքի կեսը մանկավարժ աշխատած հադրութցի տիկին Արինան դժվարանում է պատկերացնել, թե ինչպես է գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելու։ Բայց եթե կառավարությունն այդ համայնքում իրեն նաև իր մասնագիտությամբ աշխատանքով ապահովի, անպայման կգնա․ - «Այն բնակավայրը, որտեղ ես ապրել եմ, միշտ էլ մոտիկ է եղել, միշտ էլ ռազմական ճանապարհի վրա է եղել։ Բայց որ մեր հողն է, որ մենք է, պիտի վերադառնանք։ Մարդը երկու ոտքով ամուր կանգնում է միայն հայրենի հողի վրա։ Այ դա ավելի ուժեղ զգացողություն է, քան վախը»։

Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված զրուցակիցներս հիմնականում Երևանից դուրս են վարձով բնակարաններ գտել։ Որովհետև, ինչպես իրենք են ասում, մայրաքաղաքում գները շատ բարձր են։ Նրանցից շատերն այդպես էլ չեն հարմարվում այստեղի կյանքին։ Ասում են՝ ամբողջ Արցախն է իրենցը և միշտ պատրաստ են վերադառնալ։Բբայց նախ անվտանգության երաշխիք են ուզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG