Մատչելիության հղումներ

Իշխող թիմի ներսում, ըստ «Իմ քայլը» լքած պատգամավորի, քննարկվել է վարչապետի Նիկոլ Փաշինյանին այլ անձով փոխարինելու հարցը


ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Օրեր առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած, բայց մանդատը պահած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարում է, որ պատերազմից հետո թիմի ներսում քննարկվել է վարչապետի Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի քվեարկությամբ այլ անձով փոխարինելու հարցը, սակայն համաձայնության չեն եկել։

Հովսեփյանի փոխանցմամբ՝ քննարկվել են տարբեր թեկնածուների անուններ, այդ թվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանինը․ - «Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մինչև այսպես ասած խորհրդարանական ընտրություններ գնալը պետք է նեյտրալ կառավարում կազմակերպել։ Բնականաբար, Ազգային ժողովը պետք է ընտրի այդ անձին։ Եվ կարծում եմ՝ երեք քաղաքական ուժերի և անկախ պատգամավորների համատեղ որոշման արդյունքում։ Սկզբնական շրջանում անգամ առաջարկ արեցինք, որ «Իմ քայլի» ներսից լինի ընտրությունը»։

Նա ասաց, որ ինքն անձամբ ևս թեկնածություն է առաջարկել, սակայն հրաժարվեց անուն հնչեցնել՝ «զուտ չթիրախավորելու համար»։ Հովսեփյանը հրաժարվեց պատասխանել նաև հարցին, թե խմբակցության 88 պատգամավորներից քանիսն էին կողմ նոր վարչապետ ընտրելուն։

«Իմ քայլից» հեռացած պատգամավորի այս հայտարարությունը չեն մեկնաբանում, բայց և չեն հերքում՝ նման քննարկումներ եղել են։ Այն, որ Հովսեփյանը կուսակցական չէ և դուրս է եկել իշխող խմբակցությունից, դա դեռ չի նշանակում, որ նա համագործակցելու է այլ քաղաքական ուժերի հետ։ Պատգամավորը բացառում է սցենար, որտեղ ինքը ԱԺ-ում կքվեարկի ընդդիմադիր 17 կուսկացությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին․ - «Որևէ կերպ որևէ մեկը, ես վստահ եմ, որ ո՛չ քայլ կանի այդ առումով ինձ հետ քննարկելու և ո՛չ էլ քայլ կանի իմ որոշումից հետո քննարկելու, որովհետև բացառում եմ իրենց օրակարգը և իրենց վարչապետի թեկնածուին և ես հստակ այդ մասին երկար խոսել եմ»։

Այլ քաղաքական ուժերի հետ վարչապետի թեկնածուի հարցում համագործակցության մասին հարցին նա պատասխանեց․ - «Այս պահին որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ նպատակադրում»։

Ինչ վերաբերում է Սոֆյա Հովսեփյանի դուրս գալուց հետո իմքայլական գործընկերների՝ իրեն ուղղված հայտարարութուններին, Հովսեփյանը դրանք ոչ պարկեշտ է գնահատում։ «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը, հիշեցնենք, գրել էր, թե խմբակցությունը լքած պատմգավորները պետք է առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։

Սոֆյա Հովսեփյանը հակադարձում է․ ինքն իր ընտրազանգվածն ունի և հաշվետու է նրանց առաջ․ - «Իմ գործընկերները, ովքեր նմանատիպ գնահատականներ են տվել, իրենք շատ լավ գիտեն, թե ով է Սոֆյա Հոսեփյանը և ինչ կարողություններ ուներ և ունի։ Եվ առհասարակ չեմ ուզում մոտենալ, և շատ-շատերին, որ առհասարակ որևէ մեկը չէր ճանաչում, ինձ մինչև պատգամավոր դառնալը բոլոր մարզերում ճանաչում էին, իմ գործունեությանը ծանոթ էին և գիտեին, թե ես որքան եմ նվիրված այս երկրին․․․ Լինելով պատգամավոր, իմ գործունեությանը հավելելով՝ մի շարք ծանրաբեռնվածություններ սիրով վերցրել եմ ինձ վրա»։

Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը լքել են, բայց մանդատները պահել են 5 պատգամավորներ՝ Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Սոֆյա Հովսեփյանը։

XS
SM
MD
LG