Ղազախստանում այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրությունները ուղեկցվում են քաղաքացիական ակտիվիստների և անկախ դիտորդների ձերբակալություններով։ Այս մասին է տեղեկացնում «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը՝ նշելով, որ բերման ենթարկվածների մեծ մասը երկրի խոշորագույն քաղաքներում են՝ Նուր-Սուլթանում (նախկին Աստանա) և Ալմա-Աթայում։
Նախկին մայրաքաղաք Ալմա-Աթայում մի խումբ ընդդիմադիրներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել՝ դժգոհելով խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքական մրցակցության բացակայությունից։ Ղազախական ոստիկանությունը, սակայն, բերման է ենթարկել ցույցի մասնակիցներին։ Խորհրդարանական ընտրություններին իշխող «Նուր-Օթան» կուսակցությունից բացի, մասնակցում են ևս երեք իշխանամետ կուսակցություններ։ Պաշտոնապես գրանցված միակ ընդդիմադիր ուժը՝ «Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը», դեռ նոյեմբերին էր հայտարարել ընտրությունները բոյկոտելու մտադրության մասին։ Չնայած բոյկոտի կոչերին, Ղազախստանի ԿԸՀ-ն այսօր պնդում է, որ ընտրողների մասնակցության ցուցանիշը բավական բարձր է։
Տեղական ժամանակով ժամը 16-ին այն գերազանցում էր 52 տոկոսը։ Քվեարկությանը մասնակցության ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Նուր-Սուլթանում և Ալմա-Աթայում։