Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է բնականոն հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին Լուկաշենկոն ասել է Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Մենք ցանկանում ենք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ կառուցել և կառուցելու ենք դրանք», - հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով, - «Եթե [Վաշինգտոնում] դա չեն ցանկանում, կցանկանան»։
2008 թվականին տեղի ունեցած դիվանագիտական սկանդալից հետո Մինսկը և Վաշինգտոնը հետ կանչեցին դեսպաններին, ինչպես նաև նվազագույնի հասցրին երկու երկրներում հավատարմագրված դիվանագետների թիվը։ 2019-ին կողմերը պայմանավորվեցին դիվանագիտական հարաբերությունները բնականոն մակարդակի վերադարձնելու մասին։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն, կանգ առավ 2020-ի օգոստոսին Բելառուսում տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրությունների և հետընտրական ճգնաժամի պատճառով։