«Արաբական Միացյալ Էմիրությունները հունվարի 9-ին վերաբացում է սահմանը Քաթարի հետ՝ վերսկսելով օդային, ծովային և ցամաքային հաղորդակցությունը», - այս մասին տեղական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ԱՄԷ փոխարտգործնախարար Աբդալա Բելհուլը։
«Միացյալ Էմիրությունները ձեռնամուխ է լինում այն բոլոր սահմանափակումների վերացմանը, որոնք ներդրվել էին Քաթարի դեմ 2017 թվականի հունիսի 5-ից», - հայտարարել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ ԱՄԷ առաջիկայում շարունակելու է աշխատել Քաթարի հետ՝ դեռևս առկա տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ։
Պարսից ծոցի արաբական միապետությունները Քաթարի հետ հարաբերությունների բարելավման մասին պայմանավորվել էին հունվարի 5-ին Սաուդյան Արաբիայում կայացած գագաթաժողովի ընթացքում։ Քաթարի և հարևան մի շարք երկրների հարաբերությունները սրվել էին 2017-ին, այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը Քաթարի իշխանությունների մեղադրել էին ահաբեկչությանն աջակցելու և տարածաշրջանն ապակայունացնելու համար։