Մատչելիության հղումներ

ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած բախումներում սպանվել է 4 մարդ


Դոնալդ Թրամփի աջակիցները փորձում են գրավել ԱՄՆ Կոնգրեսի շենքը, Վաշինգթոն, 6 հունվարի, 2021թ.

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի տարածքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում սպանվել է 4 և ձերբակալվել է ավելի քան 50 մարդ: Բախումներում վիրավորվել է 14 ոստիկան, որոնցից երկուսը դեռևս մնում են հիվանդանոցում:

Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Քոնթին ասել է, որ բերման ենթարկված 52 կասկածյալներից 47-ը ձերբակալվել է ԱՄՆ մայրաքաղաքում սահմանված պարետային ժամը խախտելու մեղադրանքով:

Զանգվածային անկարգությունների մասնակիցներից շատերի մոտ զենք և ինքնաշեն պայթուցիկներ են հայտնաբերվել:

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կոնգրեսի համալիր՝ փորձելով կանխել օրենսդիրների կողմից նախագահական ընտրություններում դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը:

Սենատի և Ներկայացուցիչների տան համատեղ նիստն ընդհատվել է: Հունվարի 6-ին օրենսդիրներին տարհանել են Կապիտոլիումի համալիրից և տեղափոխել են անվտանգ վայր:

Արդեն հունվարի 7-ին օրենսիդրները վավերացրել են Ընտրիչների կոլեգիայի որոշումը, որի համաձայն Ջո Բայդենը ստացել է 306, իսկ Դոնալդ Թրամփը 232 ձայն, այդպիսով՝ Կոնգրեսը ճանաչել է դեմոկրատական թեկնածուի հաղթանակը:

«Այսօր ես ստորագրել եմ հրամանագիր ևս 15 օրով արտակարգ դրությունը երկարագձգելու մասին: Մենք ամեն ինչ կանենք նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողության ժամանակաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Այս օրը մեր դեմոկրատիայի համար մութ օր է, բայց կա հույս, և փոփոխությունը կգա»,- ասել է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուսերը:

Թրամփը սկզբունքորեն չի ճանաչում Բայդենի հաղթանակը և պնդում է, որ դեմոկրատները կեղծել են ընտրությունները:

Ընտրյալ նախագահ Ջո Բայդենի և ընտրյալ փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը նախատեսված է հունվարի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG