Մատչելիության հղումներ

Չնայած համաճարակային իրավիճակի կայունացմանը՝ տոներից հետո չի բացառվում որոշակի սրացումը


Շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց, արխիվ

Թեև Հայաստանում համաճարակային իրավիճակի կայունացում է դիտվում, սակայն Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը տոներից հետո չի բացառում իրավիճակի որոշակի սրացումը։

«Միանշանակ կանխատեսում ենք, որ դարձյալ Ամանորյա տոներից հետո առնվազն երկու գաղտնի շրջանի տևողությամբ մենք կունենանք որոշակի աշխուժացում։ Ի դեպ, սա ամբողջ աշխարհում են կանխատեսում, ոչ միայն Հայաստանի Հանրապետությանն է բնորոշ, այլ նաև ամբողջ աշխարհին, գուցեև այս տոները հաշվի առնելով: Այդ իսկ նպատակով, մենք դարձյալ մեր հույսը դնում ենք մեր բնակչության վրա, որպեսզի զգոն լինեն և խուսափեն մարդաշատ վայրեր հաճախելուց, ընտանեկան միջոցառումներ, տներ հյուր գնալուց և հյուրեր ընդունելուց: Այսպիսի շփումները, իհարկե, մեծ թվով շփումները նորից կնպաստեն, որ նորից սրացումներ ունենանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

Սակայն վարակաբան Հասմիկ Ղազինյանի կարծիքով՝ այս Ամանորին նախորդող տարիների համեմատ շփումները նվազագույնի են հասցված, և վարակվածության թվի աճ, այնուամենայնիվ, ըստ մասնագետի, չի սպասվում:

«Եթե կարծիք կա, որ նորտարյա շփումներից հետո կարող է այդ շատանալ, ես իմ կարծիքն եմ արտահայտում միայն՝ այս տարի նման չէր բոլորովին այլ տարիների, և նորտարյա, հենց այդ շրջանակներում շփումները այնքան էլ մեծ չէին, շփումները, որքան ես տեսնում եմ, որքան նկատում եմ, խիստ տարբերվում են մնացած այլ տարիների շփումներից: Հետևաբար, կապված նորտարյա իրադարձությունների հետ, իմ կարծիքով, շատացած չի լինի: Առայսօր, ամսի 2-ն է, շփումները այնքան էլ մեծ չեն», - ընդգծեց Ղազինյանը՝ հավելելով. - «Դա ի՛մ կարծիքն է: Հետագայում ինչ զարգացումներ կստանան՝ կապրենք, կտեսնենք, անկանխատեսելի ամեն օր ինչ-որ նոր բաներ են կատարվում»:

Կորոնավիրուսի տարածումից՝ նախորդ տարվա մարտի 1-ից ի վեր Հայաստանում գրանցվել է մոտ 160 հազար վարակման դեպք, ինչը, բժշկի խոսքով, բավականին մեծ թիվ է։ Մասնագետներն արդեն խոսում են գարնանն ակնկալվող երրորդ ալիքի մասին։

«Երկրորդ ալիքի մեջ ենք մենք, և երրորդ ալիքը, որը կանխատեսվում է գարնանը, չի բացառվում: Ամենակարևորը՝ չմոռանանք, որ արդեն նկարագրվում են նույն վիրուսի տարբեր մուտացիաներ՝ իրենց իսկ առաջացրած հիվանդության ծանրության աստիճանով և ազդեցությամբ», - ասաց Հասմիկ Ղազինյանը:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 60-ով, առողջացել է 285 անձ։ Այս պահին վիրուսից բուժում է ստանում ավելի քան 12 հազար մարդ։ Կորոնավիրուսով վարակված 698 հոգի գտնվում է ծանր, 190-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Նախօրեին արձանագրվել է մահվան 8 դեպք, կորոնավիրուսով վարակված ևս 2 անձ էլ մահացել է այլ պատճառներով։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 հազար 836 մարդ, իսկ քովիդով վարակված, բայց այլ պատճառներով մահացածների թիվը 687 է։

Վերջին մեկ օրում կատարվել է 540 թեստավորում։ Այսքան քիչ թեստավորումների պատճառը մինչև հունվարի 8-ը որոշ մասնավոր լաբորատորիաների փակ լինելն է, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր պոլիկլինիկական բուժհաստատություններում մինչև հունվարի 7-ը նմուշառման գործընթացն իրականացվում է երկու ժամով՝ առավոտյան ժամը 10-ից 12-ը։

XS
SM
MD
LG