Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը շեշտում է իրավապաշտպան ՀԿ-ներին թիրախավորելու անթույլատրելիությունը


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։

«Մտահոգիչ է, որ սոցիալական մեդիայի տիրույթներում թիրախավորումը նաև անձնավորված է ու առանձնանում է ատելության խոսքով: Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր հասարակությունում նման ընկալումներ զարգանան, քանի որ դրանք վտանգավոր են ոչ միայն երկրում անհանդուրժողականության աճի, այլ նաև ՀԿ-ների ու իրավապաշտպանների դերի տեսանկյունից: Պետությունը պետք է իր համապատասխան մարմինների միջոցով երաշխավորի ՀԿ-ների ազատ գործունեությունը երկրում ու ապահովի նրանց անհրաժեշտ պաշտպանությունը», - ասված է օմբուդսմենի գրասենյակի հայտարարությունում։

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մարդու իրավունքների պաշտպանության համակարգում իրենց հատուկ տեղ ունեն, դրանք կատարում են պետության նկատմամբ վերահսկողության կարևոր գործառույթ: Նրանք պետք է ունենան բնականոն գործունեության երաշխիքներ, որոնք էլ կապահովեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մեծ կարևորությամբ է նշում ՀԿ-ների ու անհատ իրավապաշտպանների աշխատանքը ու նրանց դերը մեր երկրում ժողովրդավարության կայացման ու զարգացման հարցում», - ընդգծում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել մեծ առաջնահերթություն են ստացել հատկապես վերջին ժամանակահատվածում, երբ սկզբում համավարակով, իսկ ապա՝ նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մարդու կյանքի, առողջության, սեփականության, սոցիալական ապահովության և այլ իրավունքների ապահովման հարցերը դարձել են բոլորիս, նաև քաղաքացիական հասարակության մտահոգության առարկան:

Գործընկեր իրավապաշտպանների ու ՀԿ-ների հետ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը շարունակական է մարդու իրավունքների պաշտպանության այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց իրավունքները, կարծիքի արտահայտման ու մամուլի ազատությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգումների կանխարգելումը, գործարարության խթանումն ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, փախստականների իրավունքների ապահովումը և այլն», - նաև նշված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG