Մատչելիության հղումներ

Իսպանիան կցուցակագրի կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվողներին


Իսպանիայի իշխանություններ կցուցակագրեն երկրի այն բնակիչներին, որոնք կհրաժարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումից, հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան։

Նրա խոսքերով՝ ցուցակը չի հրապարակվի, ոչ էլ կփոխանցվի գործատուին, սակայն այն հասանելի կլինի Եվրամիության իշխանություններին։

Իսպանիայում COVID-19-ի դեմ պատվաստումները մեկնարկել են անցած շաբաթ։ Եվրամիությունում հավանություն են տվել միայն մեկ դեղամիջոցի՝ Pfizer-BioNTech պատվաստանյութին։

Առաջիկայում սպասվում է, որ կհաստատվի Moderna-ի պատվաստանյութը, ապա նաև՝ Օքսֆորդի առաջարկած տարբերակը։

Գարնանն Իսպանիան համաճարակից ամենաշատը տուժած երկրներից էր, որտեղ վարակվել է շուրջ1 միլիոն 900 հազար մարդ, ավելի քան 50 հազարը՝ մահացել։ Չնայած այս վիճակագրությանը, երկրի բնակիչների 28 տոկոսը չի ցանկանում պատվաստվել։

Հոկտեմբերին Nature հեղինակավոր ամսագիրը հրապարակել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու պատրաստակամության մասին ուսումնասիրություն, որի արդյունքներով, Լեհաստանում պատրաստ է պատվաստվել բնակչության 56 տոկոսը, Ֆրանսիայում՝ 58 տոկոսը, Շվեդիայում՝ 65 տոկոսը, Միացյալ Նահանգներում՝ 75 տոկոսը։ Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 81 միլիոն 300 հազար մարդ, մահացել է 1 միլիոն 775 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG