Մատչելիության հղումներ

Թուրքիան հայտարարում է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են


Տեսարան Հադրութից, 25-ը նոյեմբերի, 2020

Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են:

«Հայ զինված տարրերի հարձակումները, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և նահանջել, Ադրբեջանի զինված ուժերի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում է», - ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները ճշտում են Հադրութի շրջանում կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարեց, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե դեկտեմբերի 27-ին հայկական զինված խումբը հարձակվել է ադրբեջանական զորքի վրա, սպանվել է մեկ ադրբեջանցի և վեց հայ զինծառայող։

Հայկական կողմը հերքել է այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ նշված ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։

Ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ Պաշտպանության բանակը Ադրբեջանի հայտարարությունը քարոզչական սադրանք որակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG