Մատչելիության հղումներ

Տող գյուղում տեղի ունեցածն, ըստ «Թուրան»-ի, Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ է առաջացրել


Հադրութ, 25-ը նոյեմբերի, 2020
Հադրութ, 25-ը նոյեմբերի, 2020

Կիրակի օրն ուշ երեկոյան Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի ունեցած միջադեպն Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ է հարուցել, գրում է «Թուրան» գործակալությունը՝ ներկայացնելով այդ երկրի պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունը, որի համաձայն դեկտեմբերի 27-ին հայկական զինված խումբը հարձակվել է ադրբեջանական զորքի վրա, սպանվել է մեկ ադրբեջանցի և վեց հայ զինծառայող։

Հայկական կողմը հերքել է այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ նշված ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։

Ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրների այդ տեղեկատվությունը՝ հայկական կողմը հիշեցրել է, որ Տող գյուղն ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Ադրբեջանի փորձագիտական հանրությունը տեղի ունեցածում մեղադրում է Ռուսաստանին, որը ստանձնել է հրադադարի պահպանման հարցով առաքելությունը, գրում է «Թուրան» գործակալությունը։

Լրատվամիջոցը ներկայացնում է «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերեմլիի հայտարարությունը, որում ընդդիմադիր գործիչն իշխանություններին կոչ է անում հրաժարվել խաղաղապահներից։ «Մեր բանակն ի վիճակի է պատժել ադրբեջանցի զինվորի սպանողին»,- պնդել է Քերեմլին։

Մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ REAL կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովն առաջարկում է Մոսկվայի առաջ պայման դնել՝ «խաղաղապահների թիվը կնվազի՝ ըստ ադրբեջանցի զինվորականների շրջանում զոհերի թվի»։ «Եթե սպանվում է մեկ զինվոր կամ սպա, Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը կրճատվում է 200-ով, եթե սպանվում է երկու հոգի, խաղաղապահների թիվը կրճատվում է 500-ով։ Երեք զինվորի սպանությունից հետ Ռուսաստանը դուրս է գալիս Ադրբեջանից»,- հայտարարում է Ադրբեջանի Միլի մեջլիսում ընդամենը մեկ մանդատ ունեցող քաղաքական ուժի առաջնորդը։

Տնտեսագիտության պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն մեջբերում է Ղարաբաղում հրադադարի հաստատման հարցով եռակողմ հայտարարության չորրորդ կետը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։

«Մինչդեռ խաղաղապահները զբաղված են հայկական զինված խմբերին մեր տարածքներում տեղակայելով և այդ խմբերին զինելով։ Այլ բան ես Ռուսաստանից չեմ սպասել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանցի տնտեսագետը և հավելել, որ իր հույսն Ադրբեջանի ժողովուրդն է և կառավարությունը։

«Բայց ժողովուրդն ու մտավորականությունը լուռ են, իսկ այն քիչ խոսողներին փորձում են խլացնել։ Մեզ չի կարելի լռել, մենք պետք է լուծենք մեր խնդիրները», - գրում է Իբադօղլուն։

Պատգամավոր և քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն իր հարցազրույցներից մեկում էլ հորդորում է չթուլանալ․ - «Պետք է շարունակենք ամրապնդել բանակը, բարձրացնել անվտանգությունը և լինել սթափ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG