Մատչելիության հղումներ

15 ծրագիր, 25 միլիարդ դրամ` պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար


Կառավարությունը 25 միլիարդ դրամ է հատկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները լուծելու համար։

Նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ շուրջ 7 միլիարդն արդեն հատկացվել է։ Գերատեսչությունն աջակցության շուրջ 15 ծրագիր է իրականացնում։ Օրինակ՝ Արցախում հաշվառում ունեցող յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ է հատկացվում, ևս 15 հազար հավելավճար՝ սեփականություն չունեցողներին։ Նախարարի խոսքով՝ աջակցության այս ծրագրից օգտվում է շահառուների գրեթե 98 տոկոսը։ Այսինքն՝ շահառուների շուրջ 98 տոկոսը կա՛մ հաշվառված է Արցախում, կա՛մ չունի սեփականություն, կա՛մ երկուսը միասին։ Այն, որ ինֆորմացիայի տրամադրման խնդիր կա, նախարարն էլ է ընդունում. «Հաշվի առնելով, որ այս ծրագրերն օնլայն հարթակում` նախարարության կայքէջի միջոցով է, ծառայության միջոցով է դիմում, նաև օնլայն հաստատում է, նաև որպեսզի այդ գործընթացը պարզեցնենք, երեկվանից նաև գործարկել ենք դիմում-բողոքների արագ արձագանքման հարթակ, և քաղաքացիներն, ովքեր ծրագրի շահառու չեն հանդիսանում, այդ հարթակում դիմում-բողոքներում նշելով իրենց հիմնավորումները, այդ ամենն էլեկտրոնային եղանակով Արցախի մեր գործընկերների հետ դիտարկվելու է, և այն անձինք, ովքեր շահառու չեն հանդիսացել, նույնպես նրանց մասով կրկնակի որոշում կկայացվի»:

Պետությունը 250 հազար դրամ կհատկացնի պատերազմի ընթացքում տնից զրկված ընտանիքներին։ Հայաստանում արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին յուրաքանչյուր անձի համար կտրամադրվի 30 հազար, իսկ Արցախում՝ 40 հազար դրամ։ Այս ծրագիրը կմեկնարկի այսօրվանից։ Իսկ Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիները օրական 8000 դրամ կստանան, եթե համաձայնեն աշխատել գյուղական համայնքներում։ Մեկ այլ ծրագրով էլ՝ հունվարից գործատուին 34 հազար դրամ, իսկ նրա մոտ կարճաժամկետ պրակտիկա անցնող արցախցուն 100 հազար դրամ կտրամադրվի։ Այն արցախցիները, որոնց բնակավայրերը ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցել, 300 հազար դրամ կհատկացվի։

«Այդ աջակցությունից մոտավորապես մոտ 90 հազարն արդեն ստացել են, մոտավորապես 50 հազարն իրենց աջակցությունն ստացել են Արցախում, սակայն փաստեմ, որ այս միջոցառման շահառու չեն հանդիսանում այն անձինք, ովքեր որ աշխատանք ունեն, մասնավորապես Արցախում բոլոր պետական ծառայողները և տղամարդիկ` 18-55 տարեկան, այսինքն` այդ անձանց խումբը նաև իրենց աշխատանքի և ծառայության բերումով շարունակում են գտնվել Արցախում, շահառու չեն հանդիսանում, սակայն իրենց ընտանիքի անդամները հանդիսանալով կարող են նաև մնացած ..., այստեղից ենք եկել այն եզրահանգման, որ գրեթե բոլորն արդեն բնակվում են Արցախում», - ասաց նախարարը:

Կամավորական մի քանի ծրագրերի համակարգող Մանյա Սարգսյանն «Ազատությանն» ասաց՝ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա, կարևոր բացը ինֆորմացիայի տրամադրումն է. «Պետական բոլոր ծրագրերը, որոնք որ նախատեսվում են անել կամ ինչ-որ բան որ արել են, իրենք հստակ չեն հարցնում այն մարդկանց, ովքեր ունեն դրա խնդիրը, իսկ կամավորական խմբերը կամ նույն սոցիալական ցանցերի միջոցով ինչ-որ մեկին օգնելն ավելի արագ է տեղ հասնում, ավելի մասսայական է: Նաև իրենց տեղեկատվականն էլ միշտ չի, որ ճիշտ է աշխատում միշտ չի, որ ճիշտ ուղղորդում է մարդկանց»:

Իրավաբան Յանա Ավանեսյանը որպես կամավոր է օգնում արցախցի այն ընտանիքներին, որոնք օգտվում են պետական աջակցության ծրագրերից։ «Ազատության» հետ զրույցում Յանա Ավանեսյանն ասաց՝ թեև նախարարությունը որոշ բարեփոխումներ արել է, բայց դեռ խնդիրներ կան աջակցության ծրագրերի ժամկետների հետ կապված, նաև տվյալների բազան է թերի. «Միանվագ օգնություն ստանալու` 68 հազար, պլյուս 15 հազաների ու 300 հազարների մասին է, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչներից, դրանց ժամկետները մինչև դեկտեմբերի 20 էին նշված, բարեբախտաբար երկարաձգվեցին մինչև հունվարի 11-ը: Ճիշտ է` հարցական է մնում, թե հունվարի 11-ից ինչն է փոխվելու, այսինքն` մարդկանց առջև սահմանափակում է դրված, այն էլ մինչև հունվարի 11-ը, հակառակ դեպքում լինելով շահառու` իրենք չհասցնեն դիմել: Խնդիրներից կարող եմ նշել, որ Սոցապնախարարությունը համակարգում թարմացում կատարեց, ու այդ թարմացումներից հետո միայն հնարավոր էր նորից դիմում ներկայացնել, որպեսզի անչափահաս երեխաների տվյալները համակարգը ճանաչի»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց՝ աջակցության այս 15 ծրագրերի մի մասն արդեն գործում է, մյուս մասը կգործարկվի հունվարից։

XS
SM
MD
LG