Մատչելիության հղումներ

Աբխազիայում մտահոգված են հարձակողական և հետախուզական անօդաչու թռչող սարքեր գնելու Վրաստանի մտադրությամբ


Իսրայելական անօդաչու թռչող սարք, արխիվ
Իսրայելական անօդաչու թռչող սարք, արխիվ

Աբխազիայում մտահոգված են հարձակողական և հետախուզական անօդաչու թռչող սարքեր գնելու պաշտոնական Թբիլիսիի մտադրությամբ: Սուխումին հիշեցնում է ղարաբաղյան վերջին պատերազմն ու պնդում՝ կասկածից վեր է, որ Թբիլիսին դրանք ինքնապաշտպանության համար չէ ձեռք բերում:

«Ժամանակակից այդ զինատեսակներն ակտիվորեն կիրառվեցին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններում և դրանց օգնությամբ ադրբեջանական կողմին հաջողվեց հարձակողական գործողություններ զարգացնել», - այսօր փաստել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը՝ չբացառելով, որ Վրաստանը ևս մտադիր է անցնել հակամարտությունների ուժային կարգավորման:

Սեփական բանակը ժամանակակից դրոններով հարստացնելու մասին Թբիլիսին հայտարարել էր այս շաբաթասկզբին: Ընդ որում՝ պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում պնդել էր՝ մտադիր են ոչ միայն հետախուզական, այլև հարձակողական բնույթի սարքեր գնել և դրանց մի մասը կապել հրետանային համակարգերի հետ, ինչը հնարավորություն կտա դրոններից ստացված տվյալներով հրետանային ճշգրիտ կրակ բացել թիրախների վրա:

«Մենք պատրաստվում ենք հատուկ նշանակության և հրետանային ստորաբաժանումները հագեցնել ժամանակակից հետախուզական թռչող սարքերով, զարգացնելու ենք նաև ռադիոէլեկտրոնային և հետախուզական դիտարկման միջոցները: Վերջերս նաև համաձայնագիր ենք ստորագրել Իսրայելի գործընկերների հետ՝ մեր հակաօդային համակարգն ամբողջովին արդիականացնելու և թարմացնելու համար», - նշել է Ղարիբաշվիլին:

«Հերթական անգամ Վրաստանի իշխանությունը, ամրապնդելով իր ռազմական հնարավորությունները, փորձում է պնդել, թե իր քայլերն անհրաժեշտ են միայն ու միայն տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար, սակայն ծայրահեղ դժվար է հետախուզական ու հարձակողական անօդաչուներ գնելու ծրագիրն արդարացնել բացառապես ինքնապաշտպանության նկատառումներով», - հայտարարել է պաշտոնական Սուխումին, ընդգծելով՝ այս հարցում բացատրություն է ակնկալում Վրաստանի դաշնակից Միացյալ Նահանգներից:

«Որևէ կասկած չկա, որ Վրաստանի ռազմականացումն ակտիվ աջակցություն է ստանում պաշտոնական Վաշինգտոնի կողմից, որը հանդես է գալիս որպես Թբիլիսիի ռազմավարական գործընկեր», - հայտարարել է Աբխազիայի արտգործնախարարությունը, հավելելով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն աբխազական կողմը մտադիր է Միացյալ Նահանգների ներկայացուցիչներից մանրազննին պատասխան պահանջել ռազմական ներուժը զարգացնելու Վրաստանի իշխանության մտադրությունների և նման ճշգրիտ զինատեսակների հետագա կիրառման ծրագրերի մասին:

Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել, թե հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որը տարիներ շարունակ Ղարաբաղին սպառնում էր պատերազմով, ինչին և գնաց անցած սեպտեմբերին, Վրաստանի վարչապետը պնդում է՝ իր թիվ մեկ խնդիրն է վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը խաղաղ ու պրագմատիկ քաղաքականությամբ: «Դա է մեր միակ ճանապարհը», - նախօրեին խորհրդարանում կրկնեց Գիորգի Գախարիան:

«Երբ մենք խոսում ենք օկուպացիայի մասին, դա միայն մեր հողերին չի վերաբերում, մենք խոսում ենք մեր քաղաքացիների, նրանց ներուժի զարգացման հնարավորությունների մասին, որոնք սահմանափակված են, քանի դեռ այս հարցը չի կարգավորվել: Այդ նպատակին հասնելու համար մենք պետք է գործի դնենք բանակցային բոլոր հնարավորությունները՝ մեր միջազգային դաշնակիցների հետ: Մենք պատրաստ ենք նաև սոցիալական աջակցության տեսանկյունից բավական լուրջ ծրագրեր իրականացնել օկուպացված տարածքներում ապրող մեր քաղաքացիների համար», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Գախարիայի կաբինետի անդամներից մեկը՝ հաշտության ու քաղաքացիական հավասարության հարցերով նախարարը պնդել էր՝ Վրաստանը պատրաստ է ընդլայնել և ակտիվացնել ոչ պաշտոնական երկխոսությունն աբխազական ու հարավօսական համայնքների հետ՝ ընդհանուր շահերի հիման վրա: Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանից անջատված այդ շրջանները, սակայն, մերժել էին առաջարկը:

«Թբիլիսին շարունակում է մեզ դիտարկել որպես համայնք ու փաստացի գոյություն ունեցող վարչակազմ այս պայմաններում ցանկացած երկխոսության ընդլայնում անիմաստ է», - հայտարարել էր Աբխազիայի արտգործնախարարությունը:

Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը գերտերություններից առայժմ միայն Ռուսաստանն է ճանաչել՝ 2008-ի ռուս- վրացական կարճատև պատերազմից հետո: Անցած ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում Մոսկվայի այդ որոշմանը միացել են միայն Սիրիան, Վենեսուելան, Նիկարագուան և խաղաղօվկիանոսյան Նաուրու կղզի-պետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG