Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է պատերազմին մասնակցած մի խումբ զինծառայողների ու կամավորականների հետ


Գյումրի աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ պատերազմում մեր զինվորը չի պարտվել, մեր ժողովուրդը չի պարտվել: «Գիտեմ՝ շատ դժվար ճանապարհ եք անցել, մարդ կա՝ 10 օրվա ընթացքում անցնում է 10 տարվա ճանապարհ: Ձեզնից յուրաքանչյուրը հսկայական արհավիրքի, դժվարության ու դժբախտության միջով է անցել», -ասել է նախագահը, - «այո, այս պատերազմում մենք պարտվել ենք, բայց երբեք ձեզանից որևէ մեկը թող իրեն պարտված չզգա։ Այս կյանքում երբեք չկան վերջնական հաղթանակներ և վերջնական պարտություններ: 26 տարի առաջ հաղթել էինք և ամեն օր արթնանում էինք՝ մտածելով, որ հաղթանակած ժողովուրդ ենք, քնում էինք՝ հաղթած մարդու հոգեբանությամբ: Հետո պարզվեց, որ ինչ-որ տեղ պարտվեցինք և շատ ծանր: Բայց պարտվել ենք ոչ ձեր մեղքով, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք»:

Անցած տարիների ընթացքում, ըստ նախագահի, պետք է պատրաստվեինք պատերազմին. «Չգիտես ինչու, հավատացել էինք, որ այլևս պատերազմ չի լինելու, այն դեպքում, երբ թշնամին ամեն օր մեր սահմանի մյուս կողմում պատրաստվում էր այդ պատերազմին և չէր թաքցնում դա»։

«Իմ խորհուրդը ձեզ հետևյալն է՝ ձեր կյանքն առջևում է, և գուցե մի ուրիշ պատերազմ էլ է լինելու, որտեղ պետք է հաղթեք: Նորից եմ ասում՝ չկա վերջնական պարտություն, և դուք պարտված մարդիկ չեք, ձեր ոգին նույն տեղում է, և ձեզ նման հարյուրավորներ, հազարավորները կան, ժողովուրդը չի պարտվել», - ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ պետության պարտավորությունն ու բոլորիս պարտքն է հոգ տանել պատերազմում զոհված հերոսների ընտանիքների, ինչպես նաև վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ու կամավորների մասին։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստակամ է հնարավորինս աջակցել նրանց խնդիրների լուծմանը. «Ձեր ընտանիքներին ուշադրություն դարձրեք, տատիկ-պապիկներից մինչև երեխաներ: Դա շատ կարևոր է: Երկրորդը՝ գտեք ձեր կյանքը, ձեզանից ամեն մեկն ինչ-որ մասնագիտություն ունի կամ դեռ սովորում է: Մենք նախագահականում նախորդ ապրիլյան պատերազմից տղաներ ունենք, որ մեզ մոտ աշխատում են: Դուք չեք պարտվել, և ձեր կյանքն ու հաղթանակներն առջևում են»:

Հանրապետության նախագահն ասել է, որ պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք, սթափ ու ճշգրիտ գնահատենք իրավիճակն ու մեր հնարավորությունները, ընդունենք առկա իրողությունները ու մտածենք ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:

Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ Սարգսյանը նշել է, որ հիմա ժամանակը չէ սևերի և սպիտակների բաժանման, «եթե պետք է գույն ընտրենք, ապա այդ գույնը եռագույնը պետք է լինի»։

«Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք, ես՝ ձեզ հետ, դուք՝ ինձ հետ: Դժվար է, բայց առաջին անգամը չէ, որ դժվարություններ ենք տեսնում», -ասել է նախագահը՝ հիշատակելով 1988-ի երկրաշարժը, - «Այնպես որ, պինդ եղեք, բոլորիդ առողջություն եմ մաղթում»:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG