Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգաշար է կազմակերպել Արցախից տեղահանված և զոհված զինծառայողների երեխաների համար


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի բացօթյա համերգը, հոկտեմբեր, 2020թ.

Ամեն տարի այս օրերին տեղի ունեցող տարեմուտի համերգներն այս անգամ հիմնականում երեխաների համար են նախատեսված: Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մարզահամերգային համալիրում սկսեց իր տարեվերջյան համերգների շարքը՝ ներկայացնելով Ուոլթ Դիսնեյի «Սառցե սիրտը» հանրահայտ, օսկարակիր մուլտֆիլմի ցուցադրությունը:

Քառօրյա ցուցադրությունները կազմակերպվել են Արցախից տեղահանված և զոհված զինծառայողների երեխաների համար: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի արժանացած Դիսնեյի մուլտֆիլմի ցուցադրությանը զուգահեռ պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի մուլտֆիլմի երաժշտական հատվածները: Սա նոր ձևաչափով մի երաժշտական նախագիծ է երեխաների համար, որոնք ոչ միայն հնարավորություն կունենան դիտել մեծ էկրանին «Սառցե սիրտը», այլև պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ունկնդրել մուլտֆիլմի երաժշտությունը:

Ինչպես նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, այսօր մեկնարկած համերգաշարով հույս ունեն փոքր-ինչ գունավորել պատերազմի հետևանքով բազմաթիվ զրկանքների արժանացած երեխաների տարեմուտի այս օրերը և նրանց տարեվերջյան տրամադրությունները:

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն էլ ասաց. «Համատեղ նախաձեռնել ենք մի նախագիծ, որն ամբողջությամբ բարեգործական է և ուղղված է այս պահին Հայաստանում գտնվող՝ Երևանում և Հայաստանի մարզերում ապրող արցախցի երեխաների համար: Միայն նրանց համար է նախագիծը: Այսպիսի նախագիծ Հայաստանում արվում է առաջին անգամ, քանի որ մենք ներկայացնում ենք ամբողջական մուլտֆիլմը: մինչ այդ մեր նվագախումբն անդրադարձել էր տարբեր մուլտֆիլմերի երաժշտությունների, բայց այս մասշտաբի և այսպիսի տեխնիկական ապահովմամբ նախագիծ Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG